Չենք պատրաստվում պետական շահերի միակողմանի զիջումների հաշվին ախպերանալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Շարմազանով (տեսանյութ)

Չենք պատրաստվում պետական շահերի միակողմանի զիջումների հաշվին ախպերանալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Շարմազանով (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարությունը Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակություն ունեցող ծրագիր է համարում, և այստեղ երկու կարծիք լինել  չի կարող:

«Ռազմավարական նշանակություն ունի նաև Իրան-Հայաստան երկաթուղին: Այն, որ այս երկու ծրագրերը մեր տրանսպորտային ռազմավարության երկու հենասյուներն են և բխում են բացառապես մեր պետության շահերից, ուստի  պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի դրանք իրականություն դառնան: Եվ  ես կարծում եմ, որ անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է բոլորն ունենան այդ կարծիքը»,- ասաց Շարմազանովը:

Նա անդրադարձավ նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի պնդմանը,  որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային զարգացումներից, քանի որ Թուրքիան, Ադրբեջանը և  Վրաստանը համատեղ ծրագրեր են իրականացնում, ինչում  պատգամավորը  տեսնում  է  ՀՀ իշխանությունների մեղավորությունը:

«Այդ երեք պետություններից երկուսը մեր թշնամիներն են: Ժողովուրդ ջան, այս ամբիոնից այնպես եք խոսում, ոնց որ  Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ չլինեք: Խնդիրը մեր մեջ չէ՝ անկախ նրանից ՀՀԿ-ն է իշխանության, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, թե ՀՀՇ-ն: Պետք չէ  բոլոր սլաքներն ուղղել իշխանությունների կողմը: Դե եթե այդքան բան անող էիք, ժամանակին իրականացնեիք այդ ծրագրերը, չթողնեիք, որ Թուրքիան շրջափակեր Հայաստանը: Թուրքիան 1993թ. շրջափակեց Հայաստանը: Եթե այդքան ազդեցիկ էիք, թույլ չտայիք, որ նման բան լիներ, կամ մինչև 97-98-ը թող վերացվեր դա»,- ասաց Շարմազանովը:

Ըստ նրա՝ Հայաստանը տրանսպորտային հաղորդակցության առումով խնդիրներ ունի, որի մեղավորը Թուրքիան և Ադրբեջանն  են.

«1993թ. -ին Թուրքիան կոպտորեն  խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, շրջափակել է Հայաստանը և մինչ այժմ պահում է շրջափակման մեջ: Եվ այդ ժամանակից սկսած՝ Ադրբեջանի հետ միասին ամեն ինչ անում է, որ Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային գործընթացներից, ինչը նրանց չի հաջողվում: Իսկ մենք ի՞նչ պետք է անեինք: Մենք արեցինք քայլ. մեր երկրի առաջնորդը սկսեց հայտնի «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ ասելով, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, սակայն հետո Թուրքիան հրաժարվեց դրանք վավերացնելուց և մինչ օրս շարունակում է ժխտողական քաղաքականությունը: Եվ եթե խոսում ենք այս ամբիոնից, պետք է իրերը կոչենք իրենց անուններով և հստակ ասենք, որ մեղավորը հենց Թուրքիան է: Հիմա անդրադառնամ Ադրբեջանին. ասում եք, թե վատ կլինե՞ր, որ Հայաստանը և Ադրբեջանը համատեղ տարածաշրջանային ծրագրեր իրականացնեին: Շատ լավ կլիներ, բայց դուք չգիտե՞ք դրա գինը: Մենք այդ գինը պատրաստ չենք վճարել: Մենք պատրաստ չենք միակողմանի զիջումների: Եթե կան մարդիկ, որ պատրաստ են գնալ միակողմանի զիջումների, այսօրվա իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միակողմանի զիջումների պատրաստ չէ, որովհետև մենք այդպիսով կորցնելու ենք մեր ինքնիշխանության ամենակարևոր հատվածը: Ադրբեջանի ցանկությունն էլ հենց դա է, որ մենք գնանք միակողմանի փոխզիջումների և ասենք եկեք տարածաշրջանային ծրագրերի մասնակցենք: Մենք չենք պատրաստվում ազգային, պետական շահերի միակողմանի զիջումների հաշվին «ախպերանալ» Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում