«Ժամանակ». Նոր մանրամասներ՝ «Որոգայթի» գլխավոր հերոսների մահից 6 տարի անց

«Ժամանակ». Նոր մանրամասներ՝ «Որոգայթի» գլխավոր հերոսների մահից 6 տարի անց

«Ուղիղ 6 տարի առաջ՝ հունիսի 22-ին, լրատվամիջոցները ծանուցեցին մի վթարի մասին, որն այդ ժամանակ մեծ ցավ պատճառեց բոլորին և հատկապես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի երկրպագուներին:

Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին ավտովթարից մահացան «Որոգայթ» սերիալի դերասաններ 35-ամյա Գեղամ Ղանդիլյանը («Որոգայթի» Գոքոր) և 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկ): BMW-745 մեքենան, որ վարելիս էր եղել Գեղամ Ղանդիլյանը, բախվել էր ճամփեզրի ծառին և շրջվել: Մյուս ուղևորը՝ Էդգար Տեր-Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց և ստանալով համապատասխան բուժում՝ դուրս էր գրվել:

6 տարի անց, երբ քչերն են արդեն հիշում այդ վթարի մասին, Գոքորի հարազատներից մեկը բարձրաձայնում է վթարի հետ կապված մի շարք մանրամասներ և որոշ բացահայտումներ անում:

Արտերկրից մեզ ուղարկված նամակում քույրը՝ Դիանան, գրում է. «Երբ տղաները հեռացան մեզանից, շատ բան փոխվեց: Նախ այն փաստը, որ երրորդ անձնավորությունը, որը մեքենայի տերն էր (Էդգարը), չգիտես ինչ պատճառներով, չի վարում իր մեքենան և նստած է լինում կողքի նստատեղին: Նա ողջ է մնում, իսկ Գեղամն ու Արամը մահացու վնասվածքներից մահանում են», – գրում է Դիանան ու հաջորդիվ բարձրաձայնում վթարի առնչությամբ հարուցված քրեական գործը կոծկելու մասին: «Ցավոք սրտի, քանի որ մեր Հայաստանը կոռուպցիայի երկիր է, Էդգարի հայրը, որը Հայաստանում դատավոր է, փակել տվեց դատական քննությունը: Մեջբերում Էդգարի խոսքերից. «Ես բան չեմ հիշում, մրսում էի (հունիս ամսին): Նստեցի նստատեղին, քնեցի: Երբ զարթնեցի, արդեն հիվանդանոցում էի»:

Չհամապատասխանելով իրական փաստերին՝ փակվեց սուտ ցուցմունքների հիման վրա ու գնաց արխիվ, -գրում է Դիանան՝ հավելելով, որ հենց այդ ցավալի օրերին էդգարը և նրա, հարազատները գնում էին և իրենցից պահանջում էին իրենց վթարված մեքենայի գումարը: – Անարդար երկիր, անարդար մարդիկ… Եվ չգիտես ինչպես՝ մի երկու ամիս հետո Գեղամի խանութն արդեն վերցրել և տնօրինում էր այդ Էդգարը: Ինչևէ: Աստված իրենց դատավոր լինի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում