Լիբանանում ՀՀ դեսպանն այցելել է Զահլեի և Բեքաայի հույն կաթողիկե համայնքի առաջնորդին

Լիբանանում ՀՀ դեսպանն այցելել է Զահլեի և Բեքաայի հույն կաթողիկե համայնքի առաջնորդին

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն այցելել է Զահլեի և Բեքաայի հույն կաթողիկե համայնքի առաջնորդ Իսամ Եուհաննա Տարուիշ եպիսկոպոսին: Նրան ընկերակցել է Զահլեի գործարարներից Նիկոլա Աբու Ֆայսալը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Լիբանի «Ազդակ» հայկական օրաթերթից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հարաբերությունները և դրանց ամրապնդումը վերջին տարիների ընթացքում:

Դեսպան Քոչարյանը բարձր է գնահատել Հայաստանում կատարված լիբանանյան ներդրումները, հատկապես Նիկոլա Աբու Ֆայսալի հաջողված ներդրումային ծրագրերը, որոնց շրջանակներում Տարուիշ եպիսկոպոսը վերջերս այցելել է Հայաստան:

Իր հերթին Տարուիշ եպիսկոպոսը ողջունել է դեսպան Քոչարյանին և ուրախությամբ հայտնել Հայաստան կատարած իր այցելության և ժողովրդի հետ ծանոթանալու մասին:

Նա կոչ է ուղղել լիբանանցիներին ներդրումներ կատարել Հայաստանում և ամրապնդել հայ-լիբանանյան հարաբերությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում