Նախարարն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին
Նմանատիպ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ հունիսի 23-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:
Նախարար Ղազարյանը ողջունել է հյուրին և ուրախությամբ նշել, որ Հայաստանի և Ուկրաինայի համագործակցությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մեծ հեռանկար ունի: «Ավանդաբար Ծաղկաձորի մարզաբազայում իրենց մարզումներն են անցկացնում տարբեր մարզաձևերը ներկայացնող ուկրաինացի մարզիկներ»,- ասել է նախարարը և ավելացրել, որ երկու երկրների համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի ոչ միայն սպորտի, այլ նաև մշակույթի, տուրիզմի, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտներում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ իր հայրենիքում բնակվող բազմաթիվ հայ մարզիկներ հաջողությամբ են պաշտպանում Ուկրաինայի մարզական պատիվը: «Եվ դրա լավագույն օրինակը «Շախտյորում» բավականին հաջող հանդես եկած Հենրիկ Մխիթարյանն է»,- ասել է Ի. Կուխտան:
Պատասխանելով Հայաստանի Հանրապետությունում սպորտին ցուցաբերվող պետական աջակցության վերաբերյալ դեսպանի հարցերին՝ նախարարը տեղեկացրել է, որ մեր երկրում պետական ֆինանսավորում են ստանում մարզաձևերի ազգային 32 ֆեդերացիաներ, սակայն, ինչպես նշել է նախարարը. «Համագործակցությունը ֆեդերացիաների հետ իրականացվում է նպատակ ունենալով խթանելու մանկապատանեկան սպորտը և նպաստելու մարզաձևերի մասսայականացմանն ու զարգացմանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում