Հայաստանում այրի կանանց թիվը 5 անգամ ավելի է կնակորույս տղամարդկանց թվից

Հայաստանում այրի կանանց թիվը 5 անգամ ավելի է կնակորույս տղամարդկանց թվից

Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակչության մեջ կողակցին կորցրած կանանց ու տղամարդկանց մասնաբաժինը մոտ 9 տոկոս է: Եթե 2001 թվականին այրի կանանց թիվը կազմել է 176 հազար 104, ապա 2011-ին նրանք եղել են 182 հազար 213: Ցուցանիշն ավելացել է 3.5 տոկոսով: 2001 թվականին կանանց կորցրած տղամարդկանց թիվը եղել է 29 հազար 942, 2011-ին` 36 հազար 371, աճը կազմել է` 21.5 տոկոս:

Այս տվյալները այրի կանանց միջազգային օրը` հունիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով` կողակցին կորցրած տղամարդկանց և կանանց հիմնական մասնաբաժինը տեղակայված է Երևանում: «Ամբողջ աշխարհում ապրում են 245 միլիոն այրի կին ու տղամարդ: Նրանց մեծամասնությունն ապրում է Չինաստանում` 43 միլիոն, Հնդկաստանում` 42 միլիոն, ԱՄՆ-ում` 13.6 միլիոն, Ինդոնեզիազիայում` 9 միլիոն, Ճապոնիայում` 7.4 միլիոն: Ռուսաստանի վերջին մարդահամարի տվյալներով` 13.8 միլիոն այրիներ են բնակվում այնտեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կարինե Կույումջյանը: Նրա դիտարկմամբ` ՄԱԿ-ը 2010 թվականի դեկտեմբերին որոշել է սահմանել այս օրը , քանի որ աշխարհում առկա այրիների կեսից ավելին գտնվում են աղքատության շեմին: «Այդ քայլով ՄԱԿ-ը ցանկանում է այս կոնտինգենտի վրա ևս ուշադրություն սևեռել, նրանք օգնության և ուշադրության կարիք ունեն»,-հայտնեց Կարինե Կույումջյանը:

Նրա ներկայացրած թվերի համաձայն` Հայաստանում այրի կանանց ու տղամարդկանց մեծամասնությունը 60 տարեկանից բարձր է, ինչով էլ պայմանավորված է հանգամանքը, որ նրանք տնտեսապես ակտիվ չեն: «Կողակցին կորցրած կանանց ու տղամարդկանց 56 տոկոսից ավելին տնտեսապես ոչ ակտիվ են. նրանք հաշվառման պահի դրությամբ գործազուրկ չեն եղել, չեն աշխատել ու աշխատանք փնտրելիս չեն եղել, նրանից 43 տոկոսից ավելին են եղել տնտեսապես ակտիվ»,-ավելացրեց վիճակագրագետը:

Կարինե Կույումջյանը խոսեց նաև այն դեպքերի մասին, երբ ամուսնուն կամ կնոջը կորցնելուց հետո մարդիկ կրկին են ամուսնանում: «Երկրորդ անգամ ամուսնացողների դեպքում տղամարդիկ ավելի շատ են: Մի հետաքրքիր միտում կա, եթե 2009-ին կրկին ամուսնացել է 182 տղամարդ, ապա 2013-ին նրանց թիվը կազմելէ 153: 2009-ին 67 այրի է կրկին ամուսնացել, իսկ 2013-ին՝ 94: Այրիանալուց հետո ամուսնացողենրի մեծամասնությունը 50-ից բարձր տարիքի են»,-ասաց Կարինե Կույումջյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում