Էրդողանը Թուրքիայի նոր կառավարության վարչապետի թեկնածու կառաջադրի Գյուլին. Ֆըռաթ
Նմանատիպ
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախկին անդամ Դենգիր Միր Մամհեթ Ֆըռաթը, ով ներկայում անդամակցում է թուրքական նոր խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ), հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական նոր կառավարության վարչապետի թեկնածու կառաջադրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Samanyolu լրատվական ալիքը, ըստ Ֆըռաթի, Գյուլի՝ նոր կուսակցություն ստեղծելու հավանականությունը չեզոքացնելու համար Էրդողանը մտադիր է ԱԶԿ-ի առաջնորդ եւ վարչապետ Ահմեթ Դավութօղլուին փոխարինել Գյուլով:
«Ներկայում քննարկվում է ԱԶԿ նոր նախագահի եւ երկրի նոր վարչապետի հարցը: Վերջին հանդիպումներից ենթադրելի է, որ կառավարություն կբերվեն Աբդուլլահ Գյուլն ու նրա համակիրները: Առաջիկայում ԱԶԿ-ի համագումարին կմասնակցի նաեւ Աբդուլլահ Գյուլը: Պետք չէ անակնկալի գալ, երբ համագումարում Էրդողանը հայտարարի, որ ԱԶԿ-ի առաջնորդի եւ վարչապետի համար թեկնածուն իր եղբայր Աբդուլլահ Գյուլն է», -ասել է ԱԶԿ նախկին գործիչը:
Ֆըռաթը նշել է, որ Թուրքիայի ներկայիս նախագահի եւ վարչապետի միջեւ նոր կառավարություն կազմելու հարցում տարակածություններ կան: Ըստ նրա` Էրդողանը ցանկանում է, որ ԱԶԿ-ն կոալիցիա կազմի Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) հետ, իսկ Դավութօղլուն` Ժողովրդահանրապետական կուսակցության հետ, եւ դա է պատճառը, որ Էրդողանը մտադիր է Դավութօղլուին փոխարինել Գյուլով:
Թուրքական Posta թերթը շաբաթ օրը հայտնել էր, որ 8 նախարարություն ստանալու պայմանով ԱՇԿ-ն իշխող ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու համաձայնության է եկել:
Ըստ ձեռք բերված համաձայնության` Թուրքիայի խորհրդարանի նախագահը պետք է լինի ԱՇԿ անդամ պատգամավոր: Թուրքիայում քրդական խնդրի լուծման գործընթացն այսուհետեւ պետք է կոչվի «դեմոկրատացման գործընթաց»: 2013 թվականի դեկտեմբերի վերջին ապօրինությունների, կաշառակերության մեջ մեղադրվող, սակայն, նախագահ Թայիփ Էրդողանի կողմից հովանավորվող թուրքական կառավարության 4 նախկին նախարարներ պետք է դատվեն Գերագույն դատարանում:
Բացի այդ, ԱՇԿ-ն հասել է նրան, որ նախագահ Էրդողանն այսուհետեւ պետք է գործի բացառապես «Սահմանադրության շրջանակում», ինչի դիմաց ազգայնականները համաձայնել են չհամառել նորակառույց նախագահական պալատից նախկին նախագահական` Չանքայա պալատ Էրդողանի տեղափոխվելու իրեն նախկին պնդման մեջ:
Posta-ն հայտնել էր, որ ութ նախարարությունների հետ ԱՇԿ-ն կստանա նաեւ երկու փոխվարչապետների պաշտոնները: Թուրքիայի նոր կառավարության կազմում արտգործնախարարի պաշտոնը կստանձնի Էքմելեդդին Իհսանօղլուն, ներքին գործերի նախարար կնշանակվի Մուրաթ Բաշեսգիօղլուն, իսկ կենտրոնական բանկի նախկին նախագահ Դուրմուշ Յըլմազը կնշանակվի էկոնոմիկայի նախարար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում