Տեղ-տեղ կենդանի պատը դեկորացիա է. քաղաքացուն մեզանից պաշտպանելու հարց չկա. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)
Նմանատիպ
Այսօր Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բացատրել է, թե որն էր երեկվա իր վրդովմունքի պատճառը.«Մաշտոցի պողոտայի փակ լինելն էր, զինված անձանց ցուցարարների մեջ լինելը, խմած մարդկանց ներկայությունը, դատարկ տեղ-տեղ ագրեսիայի դրսևորումը, որը չէր կարելի հանդուրժել: Եթե ակցիա է արվում, մարդիկ իրենց սոցիալական պահանջն են ներկայացնում, դրա ընկալման փիլիսոփայությունը մեր կողմից կա, և քաղաքացուն մեզանից պաշտպանելու հարց չկա, մենք ենք պաշտպանում քաղաքացուն, իսկ եթե օրենք է խախտվում, չենք կարող հանդուրժել: Կրկնում եմ՝ ոստիկանությունը փիլիսոփայորեն է մոտենում այս երևույթին՝ մարդիկ խնդիր են բարձրացնում, լուծում են ուզում, այդտեղ մենք խնդիր չունենք, բայց երբ դրա տակ խաժամուժ է մտնում, զինված մարդ է մտնում, դուք հասկանու՞մ եք՝ ինչ է նշանակում, երբ հանկարծ մի արկածախնդիր քար է շպրտում ոստիկանի ուղղությամբ, այդ ժամանակ աշխատում է մեխանիզմը»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանապետը վստահեցրեց, թե ոստիկանների մեջ սադրիչներ չկան: Այստեղ լրագրողները հիշեցրեցին քաղաքացիական հագուստով ոստիկաններին և նրանց գործողությունները, ինչին նա արձագանքեց. «Եթե քաղաքացիական հագուստով ոստիկանը սխալ դրսևորումներ է թույլ տվել, տեսեք ինչքան կամերա կա, հազար տեղ ֆիքսված է, ես կգտնեմ, դա ինձանից է դուրս գալիս, ձեզանից դուրս չի»:
Իսկ ոստիկանների եւ ցուցարարների միջև կենդանի պատ կազմած պատգամավորներին` սթափության կոչի մասին հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետն ասաց. «Եթե որպես դեկորացիա է, ֆիքսվելու համար, իհարկե, պիտանի չէ, իսկ եթե եկել են սրտացավությամբ եւ ուզում են ինչ-որ խնդիր լուծեն, թող իրենց փորձը տան երիտասարդներին, որ սադրիչներ չմտնեն նրանց մեջ, որ չլինի անցանկալի երևույթ: Տեղ-տեղ կենդանի պատը դեկորացիա է»:
Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում