Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնված է. բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Ուղիղ (թարմացվում է)
Նմանատիպ
ՀՀ Ոստիկանությունը սկսել է ապամոնտաժել Բաղրամյան պողոտայում աղբամաններից կառուցված բարիկադները։ Ինչպես արդեն տեղեկացրել է Times.am-ը, ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ մինչև 12։30-ը ժամանակ է տալիս ցուցարարներին` ինքնակամ պողոտայի երթևեկելի մասն ազատելու համար։ Սակայն Բաղրամյանում հավաքված ցուցարարները հրաժարվել են կատարել Ոստիկանության պահանջը` խնդրելով մինչ երեկո ժամանակ տալ հետագա քայլերը որոշելու համար։
Ցուցարարների խնդրանքը մնաց անպատասխան և Ոստիկանությունն ու «Սանիտեք» ընկերության աշխատակիցներն այս պահին հավաքում են պողոտայում տեղակայված աղբամանները։ Ձեզ ենք ներկայացնում «Առաջին լրատվականի» մեր գործընկերների կազմակերպած ուղիղ միացումը։
13.00
Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը հորդորեց նստացույց անողներին միանալ պողոտան մաքրելու գործին. «Հարգելի քաղաքացիներ, քույրեր եւ եղբայրներ, եկեք միասին վերականգնեք Բաղրամյան պողոտայի այն տեսքը, որը մենք գիտենք` գեղեցիկ և մաքուր»:
Օսիպյանը շեշտեց, որ Ոստիկանությունը չի պատրաստվում գործողությունների դիմել նստացույց անողների նկատմամբ. «Մեր ձեռքին անգամ մահակներ չկան»:
Իր հերթին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողներին հորդորեց չխանգարել ոստիկանության աշխատանքը՝ հույս հայտնելով, որ ցուցարարները փոխըմբռնման ճանապարհով կազատեն ճանապարհը:
«Ժխտողականությունը ոչ մի տեղ չի տանի, գլխավոր պողոտաներից մեկի երթևեկությունը փակ պահելն այսքան երկար ժամանակ արդեն աննորմալ է»,-ասաց Պողոսյանը` հաստատելով Օսիպյանի հայտարարությունը, որ ամեն դեպքում, հատուկ միջոցներ և այլ ուժ չեն կիրառվելու:
13:18
Ոստիկանությունը հեռացրեց Բաղրամյանում կենդանի պատ կազմած ցուցարարներին և հիմա իրենք են արգելապատնեշ կազմել: Բաղրամյան պողոտայում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը:
13.31
Ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը. անցան առաջին մեքենաները: Ոստիկանությունը, ինչպես և խոստացել էր դա արեց առանց բռնության կիրառման, սակայն նրանց հորդորները չլսող և ընդդիմացող մի քանի ակտիվիստ բերման ենթարկվեց ոստիկանություն, ստույգ թիվը դեռեւս հայտնի չէ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածներին բաց կթողնեն և նրանց նկատմամբ հետապնդում չի լինի:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ բերման է ենթարկվել 46 ցուցարար, որից 6-ն անչափահաս:
15.05
Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին տարված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում