«Հարսնաքար-2» գործով այսօր վերջին խոսքով հանդես կգա ամբաստանյալ Վ. Սամվելյանը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ այսօր վերջին խոսքով հանդես կգա «Հարսնաքար-2»-ի գործով ամբաստանյալ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, և դատարանը կհեռանա գործով դատավճիռ կայացնելու: Այս մասին տեղեկացնում է Past.info լրատվական գործակալությունը:

Վ.Սամվելյանը մեղադրվում է հուլիսի 1-ին ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը «Հարսնաքար» ռեստորանային համալիր տեղափոխելու մեջ:

Այդ համալիրի տարածքում ավելի վաղ՝ հունիսի 17-ին, տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել ու ծեծի ենթարկվել ևս 4 անձինք:

Ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանի միջնորդությամբ գործը դատարանում քննվել էր արագացված դատաքննության կարգով. այս կարգը կիրառվում է այն դեպքում, եթե ամբաստայալն ընդունում է մեղադրանքն ու դրա հիմքում ընկած ապացույցները,իսկ դատավճռի դեմ բողոքարկելու դեպքում վիճարկման ենթակա է լինում միայն պատժաչափը:

«Հարսնաքար-2»-ի գործով ամբաստանյալն ընդունել է մեղադրանքը: Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը միջնորդել է նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման և 200 000 դրամ տուգանքի, իսկ ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանը միջնորդել է պայմանականորեն պատիժը չկիրառել՝ նկատի ունենալով, որ ամբաստանյալը զղջացել է, տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, «ուղղվելու ճիշտ ճանապարհին է»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում