Էլ մեզ հետ ինչի եք առնչվում, գնացեք ինքներդ հրաման տվեք ու աշխատեք. Նազարյանը Բիբինին բացատրեց, որ տեղին են տուգանել (ֆոտո, տեսանյութ)

Էլ մեզ հետ ինչի եք առնչվում, գնացեք ինքներդ հրաման տվեք ու աշխատեք. Նազարյանը Բիբինին բացատրեց, որ տեղին են տուգանել (ֆոտո, տեսանյութ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 11 տարբեր  որոշումներով 60 մլն դրամի տուգանք սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար: Ավելի վաղ ներկայացվել էր տուգանքների սահմանման 14 որոշում կամ  75 մլն. դրամի տուգանք, սակայն նիստի օրակարգի հաստատման ժամանակ ՀԾԿՀ զարգացման և մոնիտորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը հայտնեց, որ ՀԷՑ-ը վերացրել է 3 որոշումներում արձանագրված խախտումները: ՀԷՑ-ի իրավաբանն այս  որոշումները համարեց անհիմն՝ պնդելով, թե ՀԾԿՀ-ը հնարավորություն էր տվել ՀԷՑ-ին հետաձգել էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ որոշումների իրականցումը մինչև հուլիսի 10-ը:

Այստեղ  ՀԾԿՀ-ի փոխնախագահ  Սամվել Արաբաջյանը հիշեցրեց, որ հանձնաժողովն արդեն երկու ագամ հետաձգել է սահմանված ժամկետը, այսինքն՝ թերությունները վերացնելու համար ՀԷՑ-ը բավարար ժամանակ է ունեցել, որը չի արել,  այս իրավիճակում մեկ օրում ի՞նչ պիտի փոխվի:

«Եթե կարծում եք, որ հանձնաժողովի որոշումները իրավաչափ չեն, դուք կարող եք դրանք բողոքարկել վարչական դատարանում»,– նշեց նա՝ հավելելով, որ մենաշնորհային իրավունքի հետ մեկտեղ  մենաշնորհային պարտականություններ ունի ընկերությունը:

«Խախտումները վերացնելու փոխարեն այսօր եկել  և մեզ այնպիսի բաներ եք ասում, որն այնքան էլ լուրջ չեն»,– իր հերթին ՀԷՑ-ի ներկայացուցիչներին դիմեց Ռոբերտ Նազարյանը: Նշենք, որ ՀԷՑ-ը խախտել է էլեկտրական ցանցին միացման սահմանված կարգը և որոշել, որ սպառողը միայն նախանական վճարում կատարելու դեպքում կարող է միանալ ցանցին: 

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հայտարարեց, որ իր որոշումը միանգամայն ճիշտ է եղել, քանի որ ընկերությունը վերջին տարիներին հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում.

«Այդ պահին մեր որոշումը ճիշտ է եղել, իսկ ներկայում արդեն  կարիք չկա նման ձևով աշխատելու, ուստի  որոշումը չեղարկվել է»,- շեշտեց  Բիբինը:

ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը հիշեցրեց, որ ընկերությունը իրավունք չի կամայական որոշում կայացնելու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում