Ո՞րն է ԵՏՄ-ի օգուտը. օրերով մնում են սահմանին և նույն գումարը ծախսում ապրանքը ՌԴ հասցնելու համար, ինչ մինչ այդ (տեսանյութ)

Ո՞րն է ԵՏՄ-ի օգուտը. օրերով մնում են սահմանին և  նույն գումարը ծախսում ապրանքը ՌԴ հասցնելու համար, ինչ մինչ այդ (տեսանյութ)

Հայկական ապրանքները չպետք է լինեն բելառուսականի նման. ռուսական շուկայում դրանք պետք է զբաղեցնեն էքսկլյուզիվ ապրանքատեսակների տեղը: Նման կարծիք հայտնեցին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրանառությանը վերաբերող «Մեդիա կենտրոնում» կայացած  տեսակամուրջին մասնակից ռուս փորձագետները՝ պնդելով, որ ապրանքաշրջանառության ծավալներն աճել են, և որ ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունները  չավարտված պատերազմի պայմաններում գտնվող Հայաստանի համար անհրաժեշտ են:

«Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները վերջին տարիներին աճել է երկու անգամ: Դա խոսուն ցուցանիշ է»,-շեշտեց  ՌԴ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտյոմ Պիլինը:

Հայկական կողմից մասնակցող փորձագետները հակադրվեցին՝ ասելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցումից չի շահել: 

«Մինչև ԵՏՄ անդամ դառնալը հայ արտահանողները նույն գումարն էին ծախսում ապրանքը Մոսկվա հասցնելու համար, ինչ այսօր: Ո՞րն էր ԵՏՄ մտնելու նպատակը»,-ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:

ՌԴ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանն արձագանքեց. «Դա խոշոր հաշվով ԵՏՄ-ի խնդիրը չէ: ԵՏՄ-ն, ինչպես այլ տնտեսական միություններ, իհարկե, տնտեսական նպատակներից բացի ունի քաղաքական նշանակություն»: 

Իր հերթին տնտեսագետ Վարդան Խաչատրյանը հիշեցրեց անդամակցության շրջանակում տրված խոստումները՝ նշելով, որ մինչ այսօր շարունակում ենք  արտահանել այն, ինչ արտահանել ենք՝ գյուղմթերք, կոնյակ: Ավելին, ԵՏՄ անդամ ենք, բայց հայ արտահանողը ծիրան արտահանելիս  օրեր շարունակ կանգնած է մնում ՌԴ սահմանին: Միաժամանակ տնտեսագետն ակնարկեց, որ չկատարված խոստումների հետ կապված պահանջ առաջին հերթին ՀՀ իշխանություններին պետք է ներկայացնել:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ լրացրեց, թե հայ արտահանողները ստիպված Ռուսաստանում են գնում հումք` հայրենական արտադրողներից գնելու փոխարեն` օրինակ՝ շշեր, տարրաներ և այլն, քանի որ չգիտեն` ինչ անել այդքան ռուսական ռուբլու հետ Հայաստանում:

Ըստ նրա՝ կարևորը ոչ թե ԵՏՄ նորմերն են, որոնք հազիվ թե ավելի բարձր լինեն, քան շուկայի նորմերը, այլ այն, որ դրանք գործեն և ոչ թե քաղաքական միջամտություններ լինեն:

 

Լուսանկարը և տեսանյութը՝  «Մեդիա կենտրոնի»

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում