«Դիրք պահած տղեն առաջին կարգի տղա է համարվում».Մովսես Հակոբյանը՝ Կենտրոնական հավաքակայանում (ֆոտո, տեսանյութ)
Նմանատիպ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն այսօր այցելել է Հանրապետական կենտրոնական հավաքակայան` հետևելու օրեր առաջ մեկնարկած ամառային զորակոչի գործընթացին և տեղում ծանոթանալու դրա շրջանակում իրականացվող աշխատանքներին: Մովսես Հակոբյանը հավաքակայանում ներկա նորակոչիկներից, որոնց տրամադրությունը բավականին բարձր էր, փորձեց ճշտել, թե որտեղ կցանկանային ծառայել, ինչին ի պատասխան գրեթե բոլորը նշեցին, թե մեծ իմաստով նշանակություն չունի, հատկապես՝ Գորիսից եկածները, Չարենցավանից մի տղա սակայն անկեղծացավ, թե կցանկանար «մոտիկ տեղ ծառայել»:
-Հակառակորդի՞ն մոտիկ, թե՞ Երևանին,-արձագանքեց Մովսես Հակոբյանը:
Գորիսեցի տղաներից մեկը՝ Ռազմիկ Գրիգորյանը, լրացրեց, թե երկու տարի «Մարտեր առանց կանոնների»-ի գնացել, որ սահման պահի և պետք եկած դեպքում թուրքի հարցերը լուծի:
«Գնում ենք գալու նպատակով»,- միջամտեց Ռազմիկի ընկերներից մեկը:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին է, որ նորակոչիկները վիճակահանության միջոցով են ընտրում ծառայության վայրը, ինչին մասնակցում են նաև ծնողները:
Ի դեպ, Մովսես Հակոբյանը բացի ծառայության պատրաստվող տղաների այսպես ասած՝ բանակային նախասիրությունները պարզելուց, նաև որոշ խորհուրդներ տվեց նրանց՝ կապված կանոնադրական հարաբերությունների հետ:
«Այսօր մեր երկրի ամենակարևոր քաղաքացիները զինվորներն են, քանի որ այս պահին ամենակարևորագույն խնդիրը երկրի անվտանգության ապահովումն է: Զինված ուժերում կարևոր պաշտոնները դուք եք զբաղեցնում»,- շարունակեց նա՝ շեշտելով, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է գիտակցի՝ եթե ինքը չծառայի, ապա դժվար է լինելու խնդիրները լուծել:
Արդեն լրագրողների հետ զրույցում գեներալը վստահեցրեց.
«Ես չեմ հանդիպել այնպիսի զինվորի, որ հայկական բանակում ծառայելուց հետո ափսոսանք է ապրել»:
Ակնարկին, թե պաշտոնյաների որդիները չեն ծառայում, Մովսես Հակոբյանը նկատեց, որ ծառայած տղաների հետ միևնույն վայրում հայտնվելով, չծառայածները շատ արագ լքում են այն: Ավելին, նա հիշեցրեց, որ ԼՂՀ ՊԲ հրամանատար եղած ժամանակ զինգրքույկում ինքը հանձնարարել էր գրել, թե զինվորը քանի օր է դիրք պահել՝ մե՞կ, թե երկու տարվա ծառայության մեծ մասը.«Դիրք պահած տղեն առաջին կարգի տղա է համարվում այսօր, ես ձեզ վստահեցնում եմ»:
Անդրադառնալով բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով միջադեպերին, Մովսես Հակոբյանը նշեց, որ քրեածին իրավիճակը վերահսկելի է և մտահոգվելու առիթ չկա՝ արձանագրելով, որ բանակում քրեածին տարրերով հանցագործությունների թիվը տարեցտարի նվազում է, բայց այն իսպառ վերացնել հնարավոր չէ: ԳՇ պետի տեղակալը շարունակեց՝ ցանկացած ինքնասպանության կամ դրա փորձի պատճառ, որը կապ ունի զինվորական ծառայության հետ, փորձում են պարզել և բացահայտել: Ինչ վերաբերում է առողջական խնդիրներ լուրջ ունեցող երիտասարդներին զորակոչելու խոսակցություններին, Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, որ նման բան չկա. այս տարվա ամառային զորակոչի ընթացքում 4 զորակոչիկ հենց հավաքակայանից ուղարկվել է տուն՝ լրացուցիչ հետազոտություն անցնելու համար:
«Մենք բուժզննումն իրականացնում ենք սկսած 14 տարեկանից: Զորակոչի նախաշեմին նույնպես երիտասարդները բուժզննում են անցնում և ըստ այդմ որոշվում է` պիտանի՞ են ծառայության, թե՞ ոչ, կարո՞ղ են ծառայել առաջին գծում, թե՞ սահմանափակումներ կան»,- ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում