Ինչի՞ց են գալիս բանակի խնդիրները

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի’ ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրած խորհրդակցությունն ու դրա ընթացքում հնչած քննադատությունները, ինչ խոսք, առ այսօր քննարկվում է լրատվադաշտում: Մասնավորապես, քննարկման առարկա էր դարձել պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին մասին զեկույցը, որտեղ նշվում է, թե մրցութային փաթեթներում բազմաթիվ են դեպքերը, երբ մրցույթներին մասնակցում են գրեթե նույն անձինք: Սա իրողություն է, որը դժվար թե կասկածի տակ դնի որևէ մեկը, առավել ևս, որ նշյալ մրցույթների մասնակիցների ցանկը տեղադրված է համացանցում: Մյուս կողմից պետք է արձանագրել երկու կարևոր փաստ’ առաջին’ ՊՆ-ի հայտարարած տենդերներին մասնակցնում են ավելի քան 100 կազմակերպություններ և երկրորդ մրցույթների շրջանակներում մատակարարումը առ այսօր իրականացվել է 95 տոկոսով և համապատասխանել է օրենքի պահանջներին: Այո, թերացմումներ եղել են, ուստի համապատասխան մարմինների աշխատակիցները հեռացվել են աշխատանքից, այդ թվում’ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը, ում հեռացման մասին սկանդալային լուրը անուշադրության քողի տակ թողեց այլ պաշտոնանկությունների, համակարգային փոփոխությունների մասին տեղեկությունները:

Մամուլում հաճախ քննարկվում է այն հարցը, թե արդյոք նախագահի քայլերը դեռևս չմեկնարկած քարոզարշավին միտված գործողություններ են: Իրականում մենք ականատես ենք լինում հակառակ երևույթին, պաշտպանական ոլորտում ընթանում են լուրջ բարեփոխումներ: ՊՆ-ն ինքնամաքրվում է, ու պարզից էլ պարզ է, որ այդ մաքրման պրոցեսը կապված չէ լոկ Գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդակցությունների հետ, հակառակ դեպքում, օրինակի համար, Հայաստանի զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանի ազատումը նույնպես կլիներ այս փուլում: Իսկ մինչև այս թեմայի բացումը ՊՆ-ն ինքնամաքրման գործընթացով բազում պաշտոնյաների է հեռացրել համակարգից:

Կցանկանայինք անդրադառնալ նաև բանակում տիրող իրավիճակին, մասնավորապես ոչ կանոնադրական բարքերի սկզբնավորման և տարածման խնդրին: Չնայած որոշակի բացասական երևույթների, ակնառու են դրական միտումները: Կարգապահության բարձրացման առումով ինչքան էլ, որ ՊՆ-ն քայլեր ձեռնարկի, այդուհանդերձ պատասխանատվության ողջ չափաբաժինն ընկնում է հենց զորամասերի հրամանատարության վրա: Զորամասերում պարբերաբար ստուգումները մշտական բնույթ են կրում, այդ գործառույթն իրականացվում է Ռազմական ոստիկանության, ինչպես նաև նախարարության այլ բաժինների և ստորաբաժանումների կողմից: Թեև, հարկ է արձանագրել, որ դրանք ամենօյա բնույթ չեն կրում, և դա հնարավոր էլ չէ: Ուստի’ հրամկազմը և զինծառայողները պետք է ինքնուրույն պահպանեն օրինականության և կարգապահության մթնոլորտը, վերջ ի վերջո մենք գործ ունենք ոչ թե դպրոցական աշակերտների հետ, որոնց պարբերաբար պետք է հետևել, այլ հասուն ու կրթված երիտասարդների հետ: Հասուն մարդուն մի անգամ են մի բանը ասում, բանակում մի քանի անգամ ասում են, բացատրում են, ցույց են տալիս, ստորագրել են տալիս և այլն, սակայն ոմանք նորից կատարում են տարրական սխալներ, իրենց ոչ պատշաճ են դրսևովում’ ստեղծելով կոնֆլիկտային իրավիճակ: Երբեմն հանցագործությունները տեղի են ունենում այնպիսի մանրուքներից, որոնք մարդը սովորում է 10-15 տարեկան հասակում և բանակում դրանով չէ, որ զբաղվում են: Երիտասարդը պետք է բանակ մտնի արդեն կրթված և դաստիարակված, իսկ Զինված ուժերը պետք է այդ երիտասարդից պատրաստեն զինվորական, ով կտիրապետի ռազմական գործին: Որևէ մեկը պատկերացնում է ինչ ասել է տասնյակ հազարավոր կիսադաաստիարակված ու վատ բարքերով առաջնորդվող երիտասարդների կառավարել, որոնց ձեռքում զենք կա: Այսօր մեզանում փողոցում մարդիկ սովորական վեճերից դանակահարում են իրար: Օրական Հանրապետությունում տասնյակ հանցագործություններ են տեղի են ունենում, որոնք բանական մարդու ուղեղում չեն տեղավորվում, իսկ դրանք իրականացնում են երբեմն 40-50 տարեկան մարդիկ: 18-20 տարեկանները բնականաբար ավելի անկայուն են և նրանց հետ ավելի բարդ է ամեն ինչ:

Արկադի Գրիգորյան, ռազմական փորձագետ

Հետևեք մեզ նաև Telegram-ում