Նոյեմբերին տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: 

Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է. «Ուրախ եմ, որ մեր բարեկամ երկրի դեսպանությունն իր աշխատանքն է սկսում Երևանում: Մենք կօժանդակենք Ձեր գործունեությանը և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք լավ զգաք Ձեր դիվանագիտական առաքելության ընթացքում: Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ կապերն ամրապնդելու հարցում: Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը փոքր է, և մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի այդ հարաբերություններն ավելի բազմաբնույթ դարձնենք, ինչի համար մեծ ներուժ կա: Համոզված եմ, որ նոյեմբերին անցկացվելիք համատեղ գործարար համաժողովը կխթանի նոր կապերի հաստատումը»:

Պարոն Միկիսկան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ կանի հնարավորը’ երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և գիտական հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են առևտրատնտեսական ոլորտում առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է այս տարի նոյեմբերին հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին առնչվող հարցեր: Տիգրան Սարգսյանը կարևորել է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ծավալված բանակցությունների մեկնարկը: Պետր Միկիսկան շեշտել է, որ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Չեխիան պատրաստ է աջակցել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
Հումանիտար կապերի ամրապնդման առումով կողմերը ողջունել են Չեխիայի կառավարության կողմից հայաստանցի ուսանողների համար կրթաթոշակային ծրագրի իրականացումը և անհրաժեշտ համարել դրա շարունակակության ապահովումը:

Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չեխիայի ցուցաբերած հավասարակշռված քաղաքականության և Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը դատապարտելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում