Ռուսական վարկով նաև կանխարգելիչ զինատեսակներ են ձեռք բերվելու, Ադրբեջանի միջոցառումներն էլ մտահոգիչ չեն. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Ռուսական վարկով նաև կանխարգելիչ զինատեսակներ են ձեռք բերվելու, Ադրբեջանի միջոցառումներն էլ մտահոգիչ չեն. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Ռուսաստանի տրամադրած  200 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ  վարկը Հայաստանին թույլ կտա ունենալ ոչ միայն  պաշտպանողական, այլև կանխարգելիչ ժամանակակից զինատեսակներ: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ՌԴ-ի հետ հասել է նման պայմանավորվածության: Զենքերն արդեն  իսկ ընտրված են, ճշգրտումներ են կատարվում: Դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական են, բայց  նաև կանխարգելիչ,  ինչը հիմք է ստեղծելու զսպման   մեխանիզմների  ձևավորման համար»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է մատակարարման ժամկետներին, Սեյրան Օհանյանն ասաց՝  գոյություն ունի ժամանակացույց, ըստ որի ՌԴ-ի համապատասխան ձեռնարկություններում դրանք պետք է պատրաստվեն և  ներմուծվեն Հայաստան:

«Կան զինատեսակներ, որոնք արդեն պատրաստ են, առհասարասկ, զինատեսակներ անընդհատ են  ներկրվում»,-լրացրեց նախարարը:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ վերահսկելի է: Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների և ծանր զինտեխնիկա օգտագործելու հրամանների մասով էլ  ՀՀ պաշտպանության նախարարը նկատեց.

«Պլանային և արտապլանային միջոցառումներին չպետք է շատ մեծ ուշադրություն դարձնել: Իրավիճակը ՀՀ ԶՈւ-ի կողմից վերահսկվում է՝ համապատասխան ծառայությունների հետ համագործակցությամբ,  որոնք պատասխանատու են ազգային անվտանգության համար: Ըստ այդմ՝ բարդությունների, լարվածության դեպքում պլանավորված միջոցառումներ  ունենք  մշակված: Այսօրվա միջացառումները ոչ մի մտահոգություն չեն պարունակում, մենք մեր առջև դրված խնդիրներն առօրյա ռեժիմով իրականացնում ենք»,-եզրափակեց Սեյրան  Օհանյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը  2015 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն մարտավարական զինավարժանքներ են անցկացնում Նախիջեւանում: Զինավարժանքներն անցկացվում են սահմանափակ տեսանելիության, բարդ ռելիեֆի եւ անկայուն եղանակի պայմաններում մարտական նշանաձգության գծով: 

Մարտավարական զինավարժանքներին մասնակցում  են Նախիջեւանում տեղակայված Առանձին համազորային բանակի անձնակազմը, զրահատեխնիկան, ավիացիան, ՀՕՊ համակարգերը, հրթիռային եւ հրետանային զորամասերը: 

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այս առնչությամբ հայտնել էր, որ զինավարժանքների շրջանակում նաև միջոցառումներ են իրականացվում՝ ամրապնդելու  Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության պաշտպանական ներուժը  եւ բարձրացնելու Առանձին համազորային բանակի մարտունակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում