«Եթե գնացի սահման, չեմ փոշմանի, որովհետև շատ մարդիկ իմ հույսով են…». Նորակոչիկի խոստումը վիճակահանությունից առաջ (ֆոտո, տեսանյութ)
Նմանատիպ
Ամառային զորակոչի գործընթացին ծանոթանալու նպատակով այսօր Հանրապետական կենտրոնական հավաքակայան էր այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ փորձեց պարզել նորակոչիկների նախաբանակային տրամադրությունները. բոլորը գիտակցում էին, թե ուր են գնում: Սեյրան Օհանյանը, սակայն, ընդունելի չհամարեց որոշ զինակոչիկների դեպքում ձեռքին, ծոծրակին դաջվածքների առկայությունը:
«Տարիներ հետո փոշմանելու ես էդ դաջվածքի համար: Մարմնի վրա որևէ մի բան ավելացնելը ոչ թե գեղեցկացնում, այլ տգեղացնում է»,- դաջվածք ունեցող նորակոչիկներից մեկին դիմեց նախարարը:
Ի դեպ, մինչ նախարարի այցը ևս հավաքակայանում դաջվածք ունեցողներից հետաքրքրվում էին, թե ինչ նպատակով է այն արվել. եթե պարզվեր, որ ինչ-որ խմբավորմանն անդամակցելու հետևանք է, ապա ներկա հոգեբանի կամ հոգևոր սպասավորի հետ զրույց էր կազմակերպվելու:
Ինչևէ, զորակոչիկների հետ զրույցից հետո նախարար Օհանյանը մասնակցեց նաև վիճակահանությանը, որտեղ հիշեցնելով, որ իր որդիները ևս Արցախում են ծառայել, ներկա ծնողներին վստահեցրեց. «Ոչ մի զինծառայող, ոչ մի զորակոչիկ կամ երեխա վաճառքի առաջկա չպետք է դառնա: Այսինքն՝ կոռուպցիոն բոլոր ռիսկերը զրոյի են հավասարեցվելու»:
Այնուհետ նախարարը հիշեցրեց այն երեք կարևոր պատգամը, որ ծնողներն իրենց որդիներին ծառայության մեկնումից առաջ պիտի տան. «Առաջին՝ լավ ծառայեն, երկրորդ՝ լսեն հրամանատարներին, երրորդ՝ ծնողների և հրամանատարների ցանկությունների իրագործման արդյունքում նրանք կկատարեն իրենց սահմանադրական պարտքը»:
Արդեն լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ գոհ է զորակոչի արդյունքից՝ շեշտելով. «Տարեցտարի բանակը դարձնում ենք մարդակենտրոն, որպեսզի բոլոր քաղաքացիները հասկանան, որ յուրաքանչյուր զինծառայող բանակի հրամկազմի համար ոչ թե ռեսուրս է, այլ անհատականություն, որից կախված է բանակի մարտունակությունը»:
Իր հերթին արմավիրցի զինակոչիկներից Դավիթը Times.am-ի հետ զրույցում վստահեցրեց.
«Եթե ես գնացի սահման, կյանքում չեմ փոշմանի, չեմ վախենա, որովհետև գիտակցում եմ, որ իմ հետևում շատ մարդիկ իմ հույսով են, հանգիստ գլուխները բարձին են դնելու ու քնեն, որովհետև ես եմ սահմանին կանգնած»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում