Պատերազմի ժամանակ ԶՈւ ղեկավարումը կստանձնի վարչապետը՝ հրամանատար նշանակելու իրավունքով. Պողոսյան (տեսանյութ)
Նմանատիպ
Խորհրդարանական կառավարման համակարգին ՀՀ նախագահը ժամանակին դեմ է եղել՝ հաշվի առնելով, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում: Այսօր, երբ երկու օր է Սահմանադրության նախագիծը շրջանառության մեջ է, կարելի է ենթադրել, որ երկրի ղեկավարի պահանջներն անվտանգության երաշխիքների հետ կապված բավարարվե՞լ են:
«Խաղաղ պայմաններում ՀՀ ԶՈւ ղեկավարումը լինելու է կառավարության ենթակայության տակ: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում ԶՈՒ անմիջական ղեկավարումն իրականացնելու է պաշտպանության նախարարը: Պատկերը կփոխվի, եթե պատերազմ հայտարարվի, այս դեպքում Գերագույն գլխավոր հրամանատարությունը կհանձնվի վարչապետին: Վարչապետն այդ ժամանակ իրավունք է ունենալու նշանակել զինված ուժերի հրամանատար, հրամանատարի այս ինստիտուտն արդեն իսկ գործող Սահմանադրությունում կա: Պատերազմական իրավիճակում քաղաքացիական անձը՝ վարչապետը, չի կարող պրոֆեսիոնալ կամ կոմպետենտ լինել ռազմական գործողությունների պլանավորման հարցում»,- լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ շեշտելով, որ պատերազմի ժամանակ վարչապետի՝ ԶՈւ ղեկավարումը ստանձնելու մասին դրույթը լուրջ հակափաստարկներ չունի:
Հանդիպմանը ներկա հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն իր հերթին հավելեց, որ այն քաղաքական ուժը, որը ձևավորել է իշխանությունը, նա էլ պատասխանատու է երկրի անվտանգության համակարգի համար:
Հավելենք, որ Նոր Սահմանադրությամբ` ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է ամենաբարձր պաշտոնյան համակարգում, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է ՀՀ նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում