Ցույց տվեցինք, որ հանդուրժող ենք, բայց այլևս օրենքի տառը պիտի կատարել բառի բուն իմաստով.Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)
Նմանատիպ
ՀՀ ոստիկանությունում հուլիսի 17-ին տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես է եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Դրական գնահատելով հաշվետու շրջանում ոստիկանության գործունեության արդյունքները, օպերատիվ աշխատանքը, ծառայողների պատրաստականությունը՝ Վլադիմիր Գասպարյանն իրականացվող բարեփոխումների շրջանակում կարևորել է նաև կադրային քաղաքականությունը:
Ոստիկանության պետն անդրադարձել է տարածքային ստորաբաժանումների աշխատանքին, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման խնդիրներին: Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծել է օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության գիտակցության ամրագրման անհրաժեշտությունը:
Ոստիկանության անձնակազմին շնորհակալություն հայտնելով Բաղրամյան պողոտայի նստացույցի ժամանակ դրսևորած պրոֆեսիոնալիզմի, բարձր պատրաստականության և ճշգրիտ գործողությունների համար՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այս օրերին մշակված և փորձություն անցած մարտավարությունը պետք է օրինակելի և կիրարկելի լինի ոստիկանության ստորաբաժանումների հետագա ծառայության ընթացքում:
Հաշվետու զեկույցին հաջորդած քննարկումից հետո կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ են տրվել մարզային և տարածքային ստորաբաժանումների ու ծառայությունների պետերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում