Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ տիկնանց միության անդամներին

Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության տիկնանց միության անդամներին’ ուղեկցությամբ ՀԲԸՄ պատվավոր անդամ Հարություն Սարաֆյանի: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը պրն. Սարաֆյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց միության գործունեությունը և Արգենտինայի հայոց թեմին միության անդամների կողմից ցուցաբերվող զորակցությունը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին բարի գալուստ մաղթեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Անդրադառնալով Արգենտինայի հայոց թեմին և համայնքին’ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ արգենտինահայ համայնքն ամենակազմակերպված, հայաշունչ և օրինակելի հայկական գաղթօջախներից մեկն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց թեմական կյանքի աշխուժացմանն ուղղած ձեռնարկներն ու միջոցառումները’ ներկաներին հորդորելով մասնավոր ուշադրություն դարձնել երիտասարդ սերնդին, նրանց կրթել ու դաստիարակել հայրենասիրության և եկեղեցասիրության ոգով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում