Եթե անգամ նախագահն ազնվագույն մարդ լինի, դրսի ուժերը նրան փաստի առաջ են կանգնեցնելու. Ե՞րբ է հնարավոր դիմակայել սրան. (տեսանյութ)

Եթե անգամ  նախագահն ազնվագույն մարդ լինի, դրսի ուժերը նրան փաստի առաջ են կանգնեցնելու. Ե՞րբ է հնարավոր դիմակայել  սրան. (տեսանյութ)

Մենք սահմանադրական գործընթացի կարիք ունենք, ոչ թե ՀՀ-ին մատուցվող Սահմանադրության, որը չի կարելի հայկական անվանել, և որն ըստ էության լեգիտիմացնում  և  հեշտացնում  է Հայաստանում և  Հայաստանի նկատմամբ թալանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: 

«Այս նախագիծն արժեհամակարգի բնագավառում քայքայելու է բոլոր համակարգերը, որոնք կարող են դիմադրել թալանի դեմ: Սա քայքայիչ գործողություն է` ընդդեմ Հայաստանի, որն արդեն 25 տարի  շարունակվում է: Մեր օրենքներում հնարավոր չէ գտնել մի տող, որն «արտադրված» է Հայաստանում, «բարի քեռիները» մեզ միշտ բացատրել են, թե պետք է լինեն նման կետեր, որպեսզի թալանը հեշտ լինի: Մի օրինակ՝ «Յուկոս»-ը թալանեց ամբողջ Ռուսաստանը, ռուս  ժողովրդին, բայց երբ նրա ղեկավարին բանտարկեցին, Արևմուտքն ասեց, թե ինչ վատն է Պուտինը, ընդունենք այդ վարկածը, բայց ինչու հետո ռուս ժողովրդից գողացած փողերը Եվրոպական դատարանը  չվերադարձրեց նրանց, այլ թալանողին»,-շեշտեց  նա՝ հավելելով, որ այս տարիներին  բազմաթիվ կետեր են փոխվել Սահմանադրությունում, բայց ոչինչ չի փոխվել. «Նախագահի փոփոխությամբ ոչինչ չի փոխվելու, որովհետև եթե փոփոխությունների արդյունքում անգամ ժողովուրդն ազնվագույն մարդու ընտրի, նա էլ փորձի դրական բաներ, բարեփոխումներ անել, նրան ուշ թե շուտ դրսի ուժերն ասելու են՝ եթե այսինչ բանը չանես,  վարկ չես  ստանա կամ սա արեցիր՝ Ղարաբաղում այսինչ բանն ես ստանալու: Սա է այսօրվա աշխարհը, ուրեմն՝ ինչ ստեղծում ենք, պիտի կարողանա այս մարտահրավերներին  դիմակայել: Իսկ սա հնարավոր է. եթե դուք կառավարում եք ժողովրդի ամբողջականությամբ,  ձեր ուժը  կրկնապատկվում է»: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում