12-ամյա Սիրանույշի նամակը Տ. Մարգարյանին. Մեր փողոցները հարմարեցված չեն սայլակով տեղաշարժվելու համար

Երևանի բնակչուհի 12 ամյա Սիրանուշը, ով տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություններ ունի, նամակ է գրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում Սիրանույշը պատմում է տեղաշարժվելու հետ կապված իր դժվարությունների մասին՝ մասնավորապես ասելով.

«Հարգելի պարոն քաղաքապետ

Իմ անունը Սիրանուշ է: Ես 12 տարեկան եմ, սովորում եմ Գայի անվան թիվ 129 դպրոցի 5-րդ դասարանում: Նաև Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի եմ, դաշնամուր եմ նվագում: Ես շատ եմ սիրում երգել, նկարել, երազել, սիրում եմ ընկերներիս և իմ ընտանիքը: Բայց ամենաշատը ես սիրում եմ զբոսնել, այցելել տարբեր հետաքրքիր վայրեր, մշակութային և կրթական օջախներ: Ես հայ եմ և շատ եմ սիրում իմ Երևանը: Այն այնքան գեղեցիկ և նոր է ինձ համար: Ես երազում եմ զբոսնել Երևանի փողոցներով, լինել այգիներում ու պուրակներում … Բայց, ցավոք, ինձ համար դա շատ դժվար է, քանի որ ես անվասայլակ եմ օգտագործում և ինքնուրույն չեմ կարողանում տեղաշարժվել:

Մայրիկս ինձ փորձում է տանել ամեն տեղ անվասայլակով, բայց դա շատ բարդ է մեր սիրելի Երևանում: Մեր փողոցները հարմարեցված չեն սայլակով տեղաշարժվելու համար: Առաջին հայացքից շատ վայրերում կան թեքահարթակներ, բայց դրանց մեծամասնությունը շատ անհարմար է:

Շատ դժվար է նաև սայլակով տեղաշարժվել առանց մայթերի փողոցներով, շատ անգամ մայրիկս հրում է սայլակը հենց մեքենաների արանքներով, որովհետև մայթերը քանդված են: Մենք ամեն օր անցնում ենք DE LYUX ռեստորանի մոտով, և այնքան ծանր է մայրիկիս բազմաթիվ աստիճանները հաղթահարել փողոցի երկայնքով, ոչ մի թեքահարթակ չկա:

Չնայած փողոցների վատ պայմաններին, մայրիկս ինձ հաճախ է տանում զբոսանքի սայլակով, և ես շատ եմ ուրախանում, տեսնելով գեղեցիկ պարիսպներ և ծաղկանոցներ, բայց տխրում եմ, երբ հասկանում եմ, որ կառուցողները կրկին մոռացել են իմ և իմ նման շատերի մասին, և ստեղծելով գեղեցիկը, ոչ միայն անտեսել են թեքահարթակները, այլ նաև փակել են նախկինում եղած փոքր հարմարությունները:

Մենք շատ հաճախ ենք անցնում նաև Արաբկիրով, գնում ենք տատիկի տուն, այնտեղ շատ գեղեցիկ է ամենը, բայց մայրիկը միշտ նեղվում է, որովհետև միակ փոքրիկ արանքը, որով մենք միշտ անցնում էինք սայլակով, փակել են, և հիմա մայրիկս ամեն անգամ բարձրացնում է սայլակը անցնելու համար:

Շատ վիրավորական է, երբ փողոցներում, եթե նույնիսկ կան թեքահարթակներ, նրանց առջևը փակած է լինում մեծ ժամանակակից մեքենաներով, և մայրիկը ստիպված բարձրացնում է սայլակը: Ես բացարձակ չեմ օգտվում քաղաքային տրանսպորտից, որովհետև այն հարմարեցված չէ սայլակների համար, միայն հատ ու կենտ տաքսիները համաձայնվում են մեզ տեղափոխել, որովհետև իմ սայլակը չի տեղավորվում նրանց բեռնախցիկում: Շատ բազմաթիվ են իմ ու իմ նմանների խնդիրները մեր քաղաքում, բայց ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՎԱՆԸ, ՄԵՆՔ ԵԼ ԵՆՔ ՆՐԱ ԶԱՎԱԿՆԵՐԸ, և մենք ակնկալում ենք, որ այն էլ մեզ կսիրի, կհիշի ու հոգ կտանի իր զավակների համար:

Հարգանքով՝ Սիրանուշ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում