Նախարար Նալբանդյանը Կինշասայում հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Նմանատիպ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կինշասայում Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 14-ին հանդիպեց Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգեսոյին։
Կոնգոյի ղեկավարը շնորհավորեց Հայաստանի ԱԳ նախարարին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցության կապակցությամբ և հույս հայտնեց, որ նոր կարգավիճակում Հայաստանը առավել կզարգացնի ֆրանկոֆոն աշխարհի հետ իր հարաբերությունները։ Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և ակտիվացնելու է ձեռնարկվելիք քայլերն այդ ուղղությամբ։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորման, գործարար կապերի հաստատման հնարավորություններին, պայմանավորվածություն ձեռք բերվեց Բրազավիլում և Երևանում ոչ ռեզիդենտ դեսպաններ հավատարմագրել, արտգործնախարարությունների միջոցով քայլեր ձեռնարկել Հայաստանի և Կոնգոյի Հանրապետության միջև տարբեր բնագավառներում համագործակցության խթանման նպատակով։
Էդվարդ Նալբանդյանի և Մարոկկոյի ԱԳ նախարար Սաադ-Էդին Ալ-Օթմանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության խթանման ուղիները։ Հայաստանի և Մարոկկոյի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների և տարածաշրջանային անվտանգության վրա դրանց ազդեցության վերաբերյալ։
Սաադ-Էդին Ալ-Օթմանին տեղեկացրեց Արևմտյան Սահարայի առնչությամբ Մարոկկոյի մոտեցումների մասին։ Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի էությունը և դրա կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Բուրկինա Ֆասոյի ԱԳ նախարար Ջիբրիլ Բասոլեի հետ զրույցը նվիրված էր միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկկողմ իրավական հենքի մշակմանը։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հարաբերություններն ակտիվացնելու նպատակով։
Կինշասայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Կոտ դ՛Իվուարի ԱԳ նախարար Դանիել Կաբլան Դունկանին։ Նախարարներն արձանագրեցին, որ փոխգործակցության զարգացման ներուժ գոյություն ունի, որը համատեղ ջանքերով ոչ միայն կարևոր է բացահայտել, այլ նաև իրագործել։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների միջև գործարար կապերի ստեղծման, ինչպես նաև համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում