«Առավոտ». Տավուշի մարզկենտրոն Իջևանում կովերը «գրին քարտ» ունեն

«Առավոտի » առաջնորդողում գրված է. «Նախկինում տեղեկացրել եմ, որ կովերն ազատ արածում են Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Հայ-հունական բարեկամության զբոսայգում: Կովերը «գրին քարտ» ունեն նաև Տավուշի մարզկենտրոն Իջևանում: Դրանք արածում են Տավուշի մարզպետարանի առաջ, քաղաքային զբոսայգում’ խորհրդային տարիներին անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի ժամանակ արարված, զբոսայգում տեղադրված քանդակների մոտ և այլուր:
Անցյալ տարվա աշնանը Իջևանի քաղաքապետ ընտրված Վարդան Ղալումյանի նախաձեռնությամբ քաղաքի տարբեր հատվածներում 3000 հատ վարդի թուփ և եղևնի է տնկվել: Տնկված վարդի թփերի մի մասը դարձել է թափառող կովերի կեր: Իջևանի երկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 1961թ. Իջևանը քաղաքի կարգավիճակ է ստացել, սակայն դրանից կես դար անց 30 հազարանոց քաղաքի որոշ բնակիչներ իրենց քաղաքաբնակի պես չեն պահում, կովերը կթելով քշում են ուր պատահի, քաղաքում կարելի է տեսնել թափառող ձիեր, շների խմբեր: Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ իրենց կողմից թափառող կենդանիների տերերի համար տուգանքներ են սահմանվել’ 20-30 հազար դրամի չափով: Քաղաքապետի վկայությամբ’ շատ դեպքերում թափառող կովերի տերերը կարիքավոր մարդիկ են, ովքեր քաղաքապետարանում խնդրում են իրենց չտուգանել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում