Որբի հայրենիք, ողբի հայրենիք

Որբի հայրենիք, ողբի հայրենիք

Գայանե Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Երկիրը կառավարվում է ոչ այնքան պետական կառավարողների միջոցով, որքան՝ «դրսի ուժերի», որոնք պարբերաբար բոլ-բոլ «խրախուսում» են ու երես տալիս հայրենի իշխանավորներին ՝միլիոնավոր վարկերով ու դրամաշնորհներով, որոնց մեծ մասը պարզապես փոշիացվում է՝ դղյակների ու շքեղ ավտոմեքենաների վերածվելով: Եվ ի՞նչ օգուտ դրանից հասարակ ժողովրդին, որ «քոչը կապած»՝ չվում է երկրից ոչ միայն տաք, այլեւ՝ ցրտաշունչ երկրներ, որ կարողանա Աստծո կողմից տրված եզակի հնարավորությունը՝ կյանքը, շարունակել փոքր-ինչ բարեկեցիկ:

Բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ «դրսի ուժերին» /«սատանայական» ուժերին /, ամենեւին էլ ձեռնտու չէ հզոր Հայաստանը, այլ՝ բզկտված, թալանված, քայքայված մի տարածք, որտեղ երբեք թույլ չեն տա, որ խոշոր ձեռնարկություններ աշխատեն,արդյունաբերություն զարգանա, որտեղ ժողովուրդը երբեք «չպետք» է խոսի վեհ արժեքներից, վեր գաղափարներից, այլ մտածի միայն կենցաղը կազմակերպելու եւ մի կտոր հացի մասին: Այլապես ինչո՞վ բացատրել, որ 15 տարի շարունակ հովհարային անջատումներ են տեղի ունենում, ու ամբողջական գյուղեր, թաղամասեր են 5-6 ժամով հոսանքազրկվում: Ջրատարների կառուցման ոլորտում միլիոնավոր գումարների ներդրումներ կատարելու պայմաններում դեռեւս համայնքներ կան, որ «սովետի թվերից» ջուր չեն ունեցել ու մինչ օրս չունեն, ու մարդիկ ողջ օրն զբաղված են ջուր կրելով…

Մի խոսքով, երկիրը մեծն Սատանայի տիրապետության տակ է՝ անհայտ ժամանակով. որբի ու ողբի հայրենիք. այնպես, ինչպես անցած դարասկզբին: Իսկ այսօր հեռուստատեսությամբ ավետում են, թե մեր երկիրը շատ գայթակղիչ է դառնում տուրիստների համար, ուղղակի երկիր դրախտավայր: Երկիրը նախ եւ առաջ պետք է սեփական քաղաքացիների համար գայթակղիչ լինի, ոչ թե՝ օտարների: Թե չէ մի 10 տարի հետո էլ կարող է որպես անմարդաբնակ կղզի հետաքրքիր լինի, ու այցելեն այնպես, ինչպես Անիի ավերակներ են այցելում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում