Ինչպե՞ս Արևմտյան Հայաստանը վերածվեց Հյուսիսային Քրդստանի

Ինչպե՞ս Արևմտյան Հայաստանը վերածվեց Հյուսիսային Քրդստանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի համար առաջնային սպառնալիք «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ավելի շատ համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK):
CNN International հեռուստաալիքի հետ զրույցում Էրդողանը դժգոհել է, որ Արևմուտքը Թուրքիային «մենակ է թողել ահաբեկչության դեմ պայքարում»:

«Թուրքիայի համար թիվ մեկ սպառնալիքը PKK-ն է: ԻՊ-ը Թուրքիայի համար որպես սպառնալիք երկրորդ շարքում է», -ասել է նա և ԻՊ-ին զուգահեռ «ահաբեկչական սպառանալիք» անվանել նաև Սիրիայի քրդական «Դեմոկրատական միասնություն կուսակցությանը (PYD), որը Սիրիայում պայքարում է ԻՊ-ի դեմ:

«Մենք հարկադրված ենք PKK-ի դեմ պայքարը շարունակել մինչև վերջ», – հավելել նա:

Թուրք-քրդական հակամարտությունը, որը վերջին մի քանի տարիներրին հանդարտվել էր, կրկին սուր դիմակայության փուլ է մտել, և այդ ամենը կատարվում է Հայաստանի անմիջական հարևանությամբ: Մինչ Հայաստանում փորձում են գնահատել իրավիճակը և ապագա հարևանի նկատմամբ քաղաքական դիրքորոշում գտնել, Քրդստանի տեսլականը օրեցօր իրական է դառնում: ՀՀ-ի դիվանագետներին իսկապես շատ բան կա խորհելու, քանի որ սա այն դեպքը չէ, երբ պետք է առաջնորդվել «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով:

ՀՀ անկախության հռչակումից ի վեր Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումը և հատուցման պահանջն այդպես էլ տեղ չգտավ ՀՀ-ի արտաքին քաղաքականության օրակարգում: Հայաստանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, նախընտրեց խուսափել Թուրքիային պահանջներ ներկայացնելուց` գերադասելով նորմալ հարաբերություններ հաստատել ցեղասպան հարևանի հետ: Սակայն աշխարհասփյուռ հայության բոլոր ներկայացուցիչների ներսում հայրենատիրության պահանջը տակավին կենդանի է: Քաղաքական ռոմանտիզմի ոլորտից է խոսել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման, Արևմտյան Հայաստանի տարածքների վերադարձի մասին, առավել ևս, որ Արևմտյան Հայաստանն այսօր վերածվել է Հյուսիսային Քրդստանի:

Այսօր քրդերը թուրքերից պահանջում են մեկ դար առաջ իրենց խոստացված հայրենիքը: Հայրենիք, որոնք նրանք վաստակեցին Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերին ցուցաբերած իրենց աջակցության և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թափաց արյան դիմաց:

Այսօր քրդերը 77 միլիոնանոց Թուրքիայի ամենախոշոր ազգային փոքրամասնությունն են կազմում: Պաշտոնապես նշվում է, որ Թուրքիայի բնակչության 80 տոկոսը ազգությամբ թուրքեր են, 18տոկոսը` քրդեր, իսկ մնացածը տարբեր ազգությունների ներկայացուցիչներ:

Թուրքիայում քրդերի քանակի վերաբերյալ տվյալները հակասական են, սակայն նշվում է, որ մոտ քսան միլիոն քուրդ կոմպակտ բնակվում է Հայաստանին սահմանակից վայրերում, որն ընգրկում է նաև Արևմտյան Հայաստանը:

Իսլամի հանրագիտարանը Թուրքական Քրդստանը ներկայցնում է մոտ 190 հազար քառակուսի կմ տարածք ընգրկող և տասնյոթ շրջաններից բաղկացած միավոր, որի մեջ մտնում է Երզնկան,Կարսը, Մալաթիան, Բինգյոլը, Մուշը, Աղրին` Արարատի մերձակայքը, Դիարբեքիրը, Բիթլիսը, Վանը, Դերիսմը, Եդեսիան, Խարբերդը, Սղերդը, Մարդին, Հաքարը:

Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնում էր Արևմտյան Հայաստանը` իր վեց` Վանի, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սվազի, Բիթլիսի վիլայեթներով, որտեղ գերազանցապես հայ բնակչություն էր: Եվ ընդամենը մեկ դար անց այս տարածքներում հայի հետք էլ չկա, ավելին` գրեթե զրոյացված են այստեղ երբևէ հայ բնակչության վերադարձի հույսերը: Քրդերի` Արևմտյան Հայաստանում հայտնվելը կապված է մի շարք քաղաքական որոշումների հետ, որոնք կայացվել են դեռևս մեկ դար առաջ:

20-րդ դարի սկզբին քրդերը տարածաշրջանի այն խոշոր ժողովուրդներից էին, որոնք չունեին պետականություն կամ ինքնավարություն: Ընդհանրապես այդ ժողովուրդի ինքնագիտակցությունը դեռևս ցեղային մակարդակի վրա էր, և ինչպես փաստում է անգլիացի Առնոլդ Թոյնբին, քրդական ազգային զգացումը իրեն կարող է դրսևորել թուրքերին, արաբներին, անգլիացիներին կամ որևէ այլ օտար տարրի դեմ հակադրվելու ձևով, սակայն այն կատարելապես բացակայում է, երբ խոսքը գնում է մեկ ընդհանուր քրդական համադաշնության մասին:

Արևմտյան Հայաստանի տարածքում Քրդստանի ստեղծման գաղափարը դիվանագիտական շրջանակներ մտվեց անգլիացի պաշտոնյանների կողմից: 1917 թ. դեկտեմբերի 18-ին անգլիացի դիվանագետ Ֆ. Քերրը առաջարկեց հայկական վեց վիլայեթներից մեկում ստեղծել Անկախ Քրդստանը: Այդ ամենն առաջին հերթին բխում էր Անգլիայի ազգային շահերից, քանի որ Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրով Միջագետքը (այդ թվում նաև նրա հյուսիսային մասը կազմող, այսպես կոչված, Իրաքյան Քրդստանը) անցնում էր Անգլիային, ուստի վերջինս ամեն կերպ փորձում էր ազդեցության գոտուց դուրս հանել անկախ Քրդստան ձևավորելու մասին գաղափարը: Անգլիական պաշտոնյանները հավաստիացնում էին քրդերին, որ այդ տարածքները զերծ են լինելու հայերի հավակնություններից և դառնալու է Քրդստանի ձևավորման ամենահավանական օջախը: Չնայած ենթադրվելիք Քրդստանի ձևավորման համար բազմաթիվ տարբերակներ էին առաջարկվում, սակայն այդ բազմազան ծրագրերը գծագրվում էին Արևմտյան Հայաստանի տարածքում: Քրդական խնդրին լուծում փորձեց տրվել Սևրի պայմանագրով, որի 62-64-րդ հոդվածներով նախատեսվում էր Թուրքիայի տարածքում ստեղծել ինքնավար Քրդստան, նրան տրամադրելով իրավունք, որ մեկ տարուց հետո այն անջատվի Թուրքիայից և վերածվի անկախ պետության:

Սևրի պայմանագրով էր նաև, որ հայկական վեց վիլայեթներից երեքը դուրս բերվեցին նրա տարածքից: Դրանց մի մասը մնալու էր Թուրքիային, մյուս մասը՝ Եփրատից արևելք, ամրակցվում էր Քրդստանին: Անգլիան լավ էր հասկանում, որ Դիարբեքիրն ու Մալաթիան հնարավոր չէր վերցնել իր հովանավորության ներքո, ուստի փորձում էր Իրաքի տարածքում գտնվող Մոսուլը միավորել Քրդստանի հետ` մեծացնելով իր ազդեցության գոտին:Սակայն այդ պայմանագիրը այդպես էլ ուժի մեջ չմտավ ու չեղյալ համարվեց 1923 թվականի Լոզանի պայմանագրի ստորագրումից հետո:

Քրդստանի ստեղծումը ժամանակի խնդիր է, ուստի ՀՀ-ի դիվանագիտական շրջանակները պետք է պատրաստ լինեն առերսվելու նոր հարևանի հետ: Չնայած 2007թ-ին ընդունված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, սակայն Քրդստանի ստեղծմամբ տապանաքար է դրվում Հայոց պահանջատիրության վրա: Եթե Քրդստանի չստեղծման դեպքում Հայաստանը կարող էր պահանջներ ներկայացնել թուրքական կառավարության` ակնկալելով ստանալ հատուցում և նույնիսկ հողերի վերադարձ, ապա ստեղծվելիք Քրդստանը Օսմանյան կայսրության իրավահաջորդը չէ, որին հնարավոր կլինի պահանջներ ներկայացնել: Եվ խելամտության սահմաներից էլ դուրս է հավակնություններ ունենալ մի տարածքի նկատմամբ, որտեղ քսան միլիոն մարդ պայքարում է հայրենիք ունենալու համար: Թերևս ՀՀ-ի համար միակ հնարավոր տարբերակը Քրդստանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ և հասնել նրան, որ Արևմտյան Հայաստանում առկա հայկական մշակութային ժառանգության օրինական ժառանգորդը համարվի ՀՀ-ն:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում