Հայփոստը երկու նոր բաժանմունք է բացել նաև Գյումրիում

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայփոստ ՓԲԸ Գյումրիի թիվ 4 և թիվ 8 ամբողջությամբ արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:

Վերաբացման արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Գյումրիի Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստ ՓԲԸ ղեկավարությունը եւ աշխատակիցներ, Գյումրիի բնակիչներ:

Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթը 2012 թ. շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 50 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: 15 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 35-ը՝ մարզերում: Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:

Շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորում: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Նոր ենթակառույցների եւ սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Գյումրիի բնակիչներին:

Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ’ Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում