Դաշնակցությունում Ռուբեն Հակոբյանին չվստահելու խնդիր չունեն (տեսանյութ)
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Ռուբեն Հակոբյանը դադարեցրել է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը ու վայր դրել խմբակցության ղեկավարի լիազորությունները: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նա գրառման մեջ նշել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի և իր մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում համատեղ թիմային աշխատանքը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ պատգամավորը պատրաստվում է լքել կուսակցությունը ու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՀՅԴ համամասնական ցուցակով: Չմոռանանք, որ նա նախկինում եղել է ՀՅԴ անդամ: Արդյո՞ք նախին Դաշնակցականը ներկայացրել է դիմում՝ վերադառնալու հայրենի կուսակցություն, որտեղից ժամանակին հեռացվել է:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման դիմում Դաշնակցությունը չի ստացել և նման քննարկում ՀՅԴ-ում չի եղել: Ավելին՝ նրա մտադրության մասին իմացել է ֆեյսբուքյան գրառումից և մամուլից, իսկ Դաշնակցություն վերադարձն էլ հնարավոր է միայն ՀՅԴ ԳՄ-ի դրական որոշման դեպքում:
«Կուսակցության շարքերը վերադառնալու կարգ գոյություն ունի և Ռուբիկ Հակոբյանը շատ լավ տեղյակ է այդ կարգից, որովհետեւ երկար տարիներ եղել է ղեկավար մարմնում: Եթե նա այդպիսի ցանկություն ունենա,ապա կդիմի և Գերագույն մարմինը կքննարկի ու կկայացնի որոշում, առանց ԳՄ-ի որոշման վերականգնել նախկին դաշնակցականի անդամակցությունն անհնար է»-նշեց խմբակցության ղեկավարն՝ ակնարկելով, որ վստահության խնդիր չկա, քանի որ Ռուբեն Հակոբյանը երբեք չի գործել ՀՅԴ-ի դեմ, այլ շատ դեպքերում նրա գաղափարների և քաղաքական տրամաբանության շրջանակում:
«Ռուբիկ Հակոբյանը դուրս գալով ՀՅԴ-ից ըստ էության կուսակցության դեմ որևէ քայլ չի կատարել: Նա երկար տարիներ եղել է Դաշնակցության մեծ ընտանիքի անդամ, մենք իր հետ նորմալ հարաբերությունների մեջ ենք, չվստահելու խնդիր չունենք»,-շեշտեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում