ԼՂՀ իշխանությունները կբանակցեն միայն Արցախի ժողովրդի կողմից ընդունված տարբերակի շուրջ. ԼՂՀ վարչապետ (տեսանյութ)
Նմանատիպ
Արցախում ևս Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն են տեսնում, ինչը հորդորում են չկապել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների հետ: Այս մասին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ի պատասխան Times.am-ի հարցադրմանը: Արտաքին քաղաքական հարթությունում ԼՂՀ վարչապետը նաև շեշտել է, որ ԼՂ-ի խնդրի շուրջ բանակցություններ այսօր գոյություն չունեն, այն, ինչ կա՝ հանդիպումներ են:
–ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների են գնում՝ նախագահականից անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգի: Արդեն լուրեր են շրջանառվում, որ Արցախում ևս այս ուղղությամբ սկսել են մտածել և նույնիսկ ինչ-ինչ քայլեր կատարել: Ի՞նչ է տալու կառավարման համակարգի փոփոխությունն Արցախին, որն այսօր հնարավոր չէ ունենալ:
-Ես չեմ ուզում դա կապել ՀՀ-ում տեղի ունեցող պրոցեսների հետ: Միանշանակ կարող եմ ասել, որ լինելով կուսակցության ղեկավար, մեր հանդիպումներում բազմաթիվ անգամներ նշել եմ, որ կա Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն:
Այդ բարեփոխումների միջոցով պետք է փորձել օպտիմալացնել ընդհանուր պետական համակարգը, կառավարման ինստիտուտները, ՏԻՄ-ում պետք են որոշ հստակություններ: Այսինքն՝ մենք ունենք մեր տեսակետը, չեմ ուզում մանրամասներ բացել, տարբեր գաղափարներ կան: Հիմնական նպատակը՝ թեթևացնել պետական կառավարման ինստիտուտը, առավել արդյունավետ դարձնել աշխատանքը, ինչպես նաև որոշ փոփոխություններ մտցնելով ունենալ առավել արդյունավետ ՏԻՄ: Այո, անհրաժեշտություն տեսնում ենք, և մի քանի անգամ ոչ պաշտոնական խոսակցություններ են ունեցել երկրի քաղաքական ուժերի, դրանց ղեկավարների, ակտիվիստների հետ: ԼՂՀ նախագահի հետ ենք ունեցել զրույց, լուրջ քննարկում և համոզված եմ, որ առաջիկայում այդ զրույցները քննարկման նյութ կդարձնենք՝ առանց շտապելու և լայն հասարակությանը մասնակից դարձնելով այդ պրոցեսներին:
-Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է, այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ՀՀ-ն է ներկայացնում հայկական երկրորդ պետության շահերը, ըստ այդմ՝ ուզենք թե չուզենք Արցախի համար միևնույն չպետք է լինի տեղի ներքաղաքական հեռանկարները, զարգացումները, ասել կուզի՝ եթե հանկարծ ՀՀ երկրորդ նախագահը, այնուամենայնիվ, վերադառնա, ով ԼՂՀ-ին դուրս մղեց բանակցություններից, Արցախում ողջունողները շա՞տ կլինեն, թե՞…
-Ես միշտ ասել եմ և այսօր էլ ասում եմ՝ չկան բանակցություններ, կան հանդիպումներ: Կան տարբեր ձևաչափերով հանդիպումներ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարության միջև: Բանակցությունը կլինի, երբ Ղարաբաղը կմասնակցի. առանց Ղարաբաղի բանակցություններ վարելն անիմաստ է, վերջին խոսքը Ղարաբաղինն է:
Ինչ վերաբերում է անվտանգության երաշխավոր լինելուն, այո, ՀՀ գործող նախագահը տարբեր ատյաններից հայտարարել է, որ ՀՀ-ն Արցախի երաշխավորն է, և որ պատասխանատվություն են ստանձնել, այս առաքելությունը մինչ օրս պատվով են կատարել: Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի ասպարեզում հայտնվելուն, դա ՀՀ քաղաքացիների գործն է, ընտրական իրավունքը և նաև ՀՀ երկրորդ նախագահի:
Մենք ողջունում ենք ցանկացած քաղաքական պրոցես ՀՀ-ում, հիմա սահմանադրական բարեփոխումներ են սպասվում, դրանից հետո կտեսնենք ինչ նոր զարգացումներ են տեղի ունենում ՀՀ-ում:
-Ի դեպ, արցախյան միջոցառումներին ԼՂՀ երկրորդ նախագահը բավականին ակտիվ մասնակցություն է ունենում, գուցե նաև նա վերադառնա՞:
-Ցանկացած պաշտոնաթող նախագահ միշտ էլ լինում է քաղաքականության մեջ: Ինչ վերաբերում է իշխանության վերադառնալուն, ապա սա ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է և այստեղ խնդիր չենք տեսնում: Իսկ միջոցառումներին հաճախակի երևալը Արկադի Ղուկասյանը ճիշտ պահվածքն է: Սա կարելի է միայն ողջունել, ոչ թե հետին մտքեր տեսնել: Ցանկացած քաղաքացի և մանավանդ պաշտոնաթող նախագահ չպետք է անտարբեր լինի իր հայրենիքում տեղի ունեցող պրոցեսների մասով: Ցանկալի է մասնակցությունը նման միջոցառումներին, որը կատարվում է:
-Օրերս Լարիսա Ալավերդյանն ինձ հետ զրույցում նկատեց. «Ինչպես կան արտահայտություններ՝ սպասում ենք միջազգային հանրությունը հասկանա, որ խնդրի լուծման բանալին ԼՂՀ-ում է, նույն իմաստությունն էլ Արցախն ունի. սպասում են, որ ՀՀ-ի իշխանությունները հրաժարվեն ոչ արդյունավետ բանաձևերից, ավելի արդյունավետ բանաձևեր ՀՀ-ն պիտի գտնի»: Կա՞ նման սպասում, ի վերջո, դուք ինքներդ էլ մի առցանց ասուլիսներից մեկի ժամանակ մեր հարցին ի պատասխան ասացիք, որ չեք բանակցի մադրիդյան սկզբունքների շուրջ:
-Արցախյան հարցի բանալին Արցախում է, ցանկացած հանդիպում, տարբերակ պետք է հաստատվի Արցախի բնակչության կողմից: Սա ասել են Արցախի իշխանավորները բոլոր ժամանակներում: Ցանկացած տարբերակ պետք է ընդունվի Արցախի ժողովրդի կողմից և նոր միայն իշխանություններն այդ թեմայով կարող են բանակցություններ վարել:
-Վերջերս Դուք եղաք ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, ի՞նչն առաջինը գրավեց ձեր ուշադրությունը՝ սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային: Եվ չե՞ք կարծում, որ նման այցերը պետք է շատ լինեն, որպեսզի Արցախում էլ թանկ լինի Տավուշի կամ մեկ այլ հատվածի սահմանները, ինչպես թանկ են Արցախի հատվածներն այնտեղ: Ի վերջո, գոյություն ունի մեկ երկիր՝ Հայաստան և դրանում նաև Արցախը:
-Արցախցիներն այսօր չպետք է ապացուցեն, որ հայրենիքի ցանկացած տեղում վտանգի դեպքում պատրաստ են իրենց մասնակցությունը բերել այնպես, ինչպես Սարդարապատի ժամանակ, պատերազմի ժամանակ էլ շատ արցախցիներ իրենց մասնակցություն են նաև ՀՀ-ի սահմանների պաշտպանությանը: Սա հերթական քայլն է, այո, համարում ենք, որ նման քայլ, պետք է հաճախակի կատարել՝ ցույց տալու մեր միասնությունը, հակառակորդին ապացուցելու, որ զենքի ձեռքբերման հետ կապված հաճախ հնչող հայտարարություններն Արցախի կամքի վրա որևէ ազդեցություն չեն թողել:
Ես նկատել եմ, որ ՀՀ-ի կառավարությունն ուշադրությոան կենտրոնում է պահում սահմանամերձ գոտիները ճանապարհների, ենթակառուցվածքների առումով, ինչպես նաև դպրոցների, համայնքային կենտրոնների: Իհարկե, կան դեռ չլուծված խնդիրներ, բայց նկատել եմ, որ շատ պետական ծրագրերում մեծ տեղ են գրավել սահմանամերձ գոտիները: Վերջերս խոսվում է տարբեր արտոնությունների մասին՝ հարկային և այլն: Սա միայն կարելի է ողջունել:
-Արցախում էլ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումից սպասելիքներ ունեին, դուք հիասթափված չե՞ք՝ հաշվի առնելով, որ սպասելիքները չեն արդարացվել մինչ այս պահը:
-Իհարկե հիասթափված չեմ, որովհետ մեծ սպասումներ չենք ունեցել, միայն հեշտացել է միության երկրների հետ առևտրաշրջանառությունը՝ շատ հեշտ, շատ նորմալ պայմաններով: Այլ թեմա է ՌԴ-ի տնտեսական վիճակը, որն իր ազդեցությունն է ունեցել ՀՀ-ի տնտեսության վրա, ինչպես նաև Արցախի: Այո, մեր արտահանողները, որ հիմնականում ՌԴ էին արտահանում, ռուբլի-դոլար փոխարժեքի տատանումների հետ կապված վնասներ են կրում, այսինքն՝ ակնկալվող շահույթը չի ապահովվում: Սա այլ թեմա է, այստեղ պետք է գործիքներ կիրառենք, բայց այն, որ այդ միությունից մենք չենք հիասթափվել, հակառակը՝ ծրագրեր ունենք համագործակցելու և օգտվելու այդ շուկայից: Տնտեսական իրավիճակը ոչ թե միության հետ է կապված, այլ ՌԴ-ի և նավթ արտադրող երկրների տնտեսական վիճակով է պայմանավորված՝ նավթի, պղնձի գների անկում, որը միության ձևավորման հետ որևէ առնչություն չունի: Պետք է օգտվենք ստեղծված հնարավորությունից և տարիների ընթացքում տեսնելու ենք դրա դրական ազդեցությունը: Ես հաճախակի եմ նշել՝ եթե կան խնդիրներ, դրանք պետք է լուծել առաջին հերթին օգնելով մեր տնտեսվարողներին:
-Եվ վերջում՝ ի՞նչ է փոխել ԼՂՀ խորհրդարանում ընդդիմադիր նոր ուժերի ներկայությունը:
-Վաղ է դեռ խոսել նոր ընդդիմադիր ուժի մասին, քանի որ մայիսին է եղել ընտրությունը, հետո պասիվ ամառային ժամանակաշրջան: Մենք ողջունել ենք այդ ուժին՝ փորձառու նախկին զինվորականներով, գործիչներով, մտավորականներով համալրված, միայն կարելի է ողջունել: Համոզված եմ, որ արդյունավետ աշխատանք են իրականացնելու պառլամենտում:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում