Այս կառավարության օրոք հայկական հարցերի մասին խոսում են և կառավարությունը ոչ մեկին բան չի ասում. Արամ Աթեշյան
Նմանատիպ
Այս օրերին ՀՀ-ում է գտնվում Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Երեկ նա հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ մասնակցությամբ Պատրիարքության ուխրավորների և հոգևորականների, ավելի ուշ Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել է Համահայկական մշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, որն ազդարարվեց «Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրերը Հայաստանում» համերգային ծրագրով՝ ներկայացնելով պոլսահայ երգահան Մաժակ Թոշիկյանի ստեղծագործությունները: Սեպտեմբերի 27-ին Արամ Աթեշյանը կմասնակցի նաև Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը: Մինչ այդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը համաձայնել է պատասխանել Times.am-ի հարցերին՝ անդրադառնալով Պատրիարքության և հայ համայնքի խնդիրներին:
-Եթե մի երկրի մեջ փոքրամասնություն ես, արդեն ինքնին հարցեր ունենում ես: Եվ մեր պարագայում այն շրջանին շատ հանգիստ էինք, կվայելեինք պետության հովանավորությունը, հազար ու մի եկեղեցիներ, բայցև այնպես սկսեցին հարցեր ծագել և 1915-ին մենք նեղություններ ունեցանք: Իհարկե, ոչ միայն 1915-ի դեպքերին, այլ նաև նոր Հանրապետության շրջանին, երբ պետությունը սկսեց փոքրամասնությունների կալվածքները խլել: Եվ երբ մեր կալվածքները խլվեցին՝ համայնքն աղքատացավ և եկամուտ լինելու պարագայում՝ սնանկացավ: Սա շարունակվեց մինչև 2002 թվականը՝ մինչև նոր կառավարության գալը: Եվ այդ կառավարությունը խոստացավ, թե մինչ օրս ինչ մեր ձեռքից վերցվել է, նրանք վերադարձնելու են: Եվ սկսեցին վերադարձնել վերցրածը, թեպետ վերադարձված է 100-ից 15-20-ը, բայց մեր համայնքի համար ուրախացնող է: Այսօր ավելի լուրջ հարցեր էլ ունենք. Պատրիարքարանը որպես պետական, պաշտոնական հաստատություն չի ճանաչվել, ուստի չենք կարող կալվածք ունենալ: Իսկ եթե կալվածք չունես, եկամուտ էլ չես ունենա: Այսօր Պատրիարքության եկամուտները հուղարկավորություններից, պսակներից են, ինչպես նաև նվիրատվություններ: Նմանապես համայնքը կառավարելու այդ զենքը, պետության այդ արտոնությունը չունի՝ Կենտրոնական մարմին: Մենք մինչև 1934-ն ունեցել ենք Կենտրոնական մարմին՝ Պատրիարքի գլխավորությամբ և աշխարհականների մասնակցությամբ համայնքը կկառավարվեր: Այսօր մենք համայնքը չենք կարող կառավարել, պետությունն է կառավարում, այդ իրավունքը 1934-ից մեզանից վերցվել է:
1960-ականներին իրավունք ունեինք, բայց մեկ-երկու տարի տևեց, մենք կուզենք, որ մենք մեզ պահենք: Եթե թաղային գործակալներ կընտրվեն, հոգեբարձուներ, խնամակալություններ, այդ անդամները մենք պիտի որոշենք, թե ով պիտի լինի: Իսկ այսօր մենք դրա իրավունքը չունենք, ուստի վարիչների մեջ ոչ հաճելի անձնավորություններ կլինեն, որոնք համայնքին ծառայելու փոխարեն, այլ նպատակների համար են աշխատում: Այդ իրավունքը մեզ պիտի տրվի: Եթե համայնքը չուզենա, որ մեկն անդամ լինի՝ պիտի թողնի: Այսօր դրա իրավունքը չունենք, ընդհանուր տնօրինություն չկա, անհատները կվարեն: Այսինքն՝ համայնքի միակ ցավն այն է, որ ինքզինքը չի կարողանում կառավարել, պետք է մեկ Կենտրոնական մարմին լինի, որպեսզի այդ մեկ մարմնից որոշում լինի և այդ ժամանակ ավելի զորավոր կլինենք:
-Սրբազան, եթե խոսենք հայ համայնքի բարոյաքաղաքական իրավունքների մասին, այսօր ի՞նչ «գին են վճարում» դրանց մասին բարձրաձայնելու համար Թուրքիայում:
-Եթե կբաղդատենք 20 տարի առաջվանն ու այսօրվանը, ապա այսօր ավելի հանգիստ ենք, այս կառավարության շրջանում է, որ Ցեղասպանության մասին ավելի հեշտ կխոսենք, հայկական հարցերի մասին խոսում ենք և կառավարությունը ոչ մեկին բան չի ասում: Բայց կրկնում եմ՝ ունենք պահանջելիք կալվածքներ, և որպես համայնք կառավարելու իրավունք:
-Վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են Ձեզ ուղղված քննադատությունները, բողոքը մինչև Մայր աթոռ է հասել, որ դավանափոխ հայերին հրաժարվում եք մկրտել: Վերջերս ևս նման դեպք ունեցանք, երբ Մայր աթոռում նրանց չմկրտեցին, քանի որ ձեր շրջաբերականը չկար:
-Ամեն դիմացդ ելնողին, երբ հայը ընդունող է, հայ ըլլալը պիտի ընդունի՞ս: Ինչպե՞ս իմանամ, որ հայ են: Թուրքիայում հայերի պարագայում անձնագրի մեջ կրոնը գրված է, եթե իսլամ գրված է, ուրեմն՝ երկրորդ կրոնքի տեղ չկա: Այդ փաստաթուղթը թող փոխեն, քրիստոնեության մասին տեղեկություն ստանան՝ ինչ է քրիստոնեությունը, հայ եկեղեցին, մկրտությունը, Սուրբ Երրորդությունը, Սուրբ հոգին, դրանից հետո թող գան, մենք թույլ կտանք: Իսկ եթե մի կողմից թուղթ պիտի լինի, որ մահմեդական է, մյուս կողմից թուղթ պիտի ցույց տա, որ քրիստոնյա է, չի կարող լինել նման բան:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում