ՀԱՊԿ-ն ունակ է ապահովել անդամ երկրների ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը. (ֆոտո, տեսանյութ)

ՀԱՊԿ-ն ունակ է ապահովել անդամ երկրների ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը. (ֆոտո, տեսանյութ)

Այսօր ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկեց  ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունը, որը կշարունակվի  մինչև հոկտեմբերի 4-ը:

Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները:

Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը  և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը:

Առաջին փուլում կմշակվեն խաղաղապահ գործողության շրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և բացազատման վերաբերյալ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններին ուղղվող առաջարկությունների նախապատրաստման հարցերը: Խորհրդի որոշման և խաղաղապահ գործողության անցկացման մանդատը ստանալուց հետո գործողությունների ղեկավարումը կստանձնի ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորված Միացյալ շտաբը:

Գործնական փուլում նախատեսված է խնդիրների կատարում՝ կապված բանակցությունների վարման, մարդասիրական բեռների ուղեկցման,  անցակետերում և  դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպման,  զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման հետ:

«Զինվորը միշտ էլ իր առջև դրված խնդիրը կարողանում է կատարել, եթե կայացվում են ճիշտ և տեղին որոշումներ»,-նկատեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը՝ շեշտելով, որ խաղաղապահությունն անհամեմատ լավ է պատերազմելուց. «Հայկական կողմը կողմնակից է, որ ամենուր խաղաղություն լինի, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները զբաղվեն միայն խաղաղապահությամբ  ողջ  աշխարհում: Թող մեր երկրներում խաղաղություն լինի, իսկ մենք շատ ակտիվորեն և մեծ անձնակազմով  խաղաղություն կտանենք այնտեղ, ուր այն չկա»:

Ավելի վաղ՝ բացման իր ելույթում, Յուրի Խաչատուրովը փաստեց՝ աշխարհում, ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն սահմանակից շրջաններում, կովկասյան տարածաշրջանում  ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքական, էթնիկ, տնտեսական, կրոնական և այլ հակասությունների հողի վրա հակամարտությունների հավանականությունը շարունակում է մնալ  բարձր, իսկ  դրանց խաղաղ  կարգավորումն առանց խաղաղապահների դժվար է պատկերացնել:

«Այս տարի Դուշանբեում արձանագրվեց, որ ՀԱՊԿ-ի ուժերն ու միջոցներն ունակ են ապահովել հավաքական անվտանգություն դաշինքի անդամ երկրներում, ինչպես նաև ազգային անվտանգություն, տարածքային ամբողջականություն»,- իր հերթին հավելեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում