Չկա վտանգ նրանում, որ գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահը չի լինելու. Լարիսա Ալավերդյանը նոր Սահմանադրության մասին (տեսանյութ)
Նմանատիպ
«Կա համոզմունք, որ Սահմանադրությունից չէ կախված իրենց վիճակը»,– Times.am- ի հետ զրույցում նկատեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նկատմամբ հասարակության անտարբեր վերաբերմունքին:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, Ալավերդյանը կոչ արեց մասնակցել օրենսդրական փոփոխությունների գործընթացին. «Ես վտանգն այստեղ լավ էլ տեսնում եմ»,-շեշտեց նա:
Մեր հակադարձմանը, թե սա ուղղված է «Ոչ»-ի ճակատի՞ն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը պարզաբանեց. «Ոչ ժամանակի, ոչ ձևի, ոչ էության առումով չեմ ասի, որ ես այո-ի կողմնակից եմ: Ես գտնում եմ, որ այնտեղ կան այնպիսի բաներ, որոնք կարելի էր չընդգրկել, երկրորդ՝ կան այնպիսի բաներ, որոնք պետք է փոխել: Մեր կազմակերպությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնցից մի քանիսն ընդունվել է, մնացյալը՝ ոչ: Օրինակ՝ 2-րդ գլխի ձևակերպումները ճիշտ կլիներ եթե կրկնեին միջազգային նորմերի էությունը, հետագայում օրենքով հստակեցվեր տարբերությունը՝ արժեհամակարգային առումով: Բայց հիմա այնպես են գրել, որ չես հասկանում, սա վերաբերում է խոսքի ազատությանը: Այստեղ հոդվածը գրված չէ այնպես, ինչպես եվրոպական կամ միջազգային կոնվեցիայի մեջ, այլ՝ կարծիքի ազատ արտահայտում և այլն: Այսինքն՝ մասնակի է վերցված»:
Մյուս դիտողությունը վերաբերում է սեփականության իրավունքին, ըստ նրա ճիշտ է փոխվել է ձևակերպումը, բայց դեռ որոշակի ռիսկեր կան, երբ ասվում է, որ հողի հանդեպ սեփականության իրավունք չունեն օտարերկրացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցողները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Խորհրդարանական համակարգի՝ ազգային անվտանգությանը վնասելու մասին տեսակետների մասով էլ Լարիսա Ալավերդյանը շեշտեց.
«Այն, որ ասում են, թե ով է լինելու գերագույն գլխավոր հրամանատարը, չեմ կարծում, որ առավել վատ վիճակ ենք ունենալու: Եթե մենք կապում ենք անձի հետ, ապա պատասխանատվությունը մեկ այլ պաշտոնյայի վրա է դրվելու՝ լինի դա վարչապետը, թե իր կողմից նշանակված մեկը: Ես չեմ գտնում, որ այստեղ է վտանգը: Այս մասին խոսակցությունները չափազանցված են»:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը համոզված է, որ սահմանադրական փոփոխություններն անցնելու են:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում