Սա մկների ժողովը չի, ճառ ասեն ու զանգ չկախեն. Աբրահամյանը տեղյակ է ՀՀ քաղաքական դաշտի օրենքներին և Ծառուկյանի փորձին. (տեսանյութ)
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց, որ մտադիր է կուսակցություն ստեղծել և մասնակցել ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Վերջինը վստահեցրեց, որ ՀՀ-ի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է իր այս մտադրությունը և պնդեց, որ ՌԴ-ից ոչ մեկ չի հուշել այս գաղափարի մասին, այսինքն՝ Պուտինից «դաբրոյի» խնդիր չկա. «Ես «դաբրոն» պիտի ստանամ Մալիշկայի ժողովրդից, իսկ ՌԴ նախագահից դաբրո ստանում եմ, երբ գործում եմ Ռուսաստանի Դաշնությունում, բայց երբ դուրս եմ, արդեն ի՞նչ դաբրո: Իմ դաբրոն կրկնում եմ՝ Մալիշկայի ժողովուրդն է տալիս, եթե տա, արդեն ամեն ինչ իրա հունով կգնա»։
Միաժամանակ, Արա Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մեկ ալլ տարբերակի մասին էլ ակնարկեց՝ արդեն գոյություն ունեցող կուսակցության հետ միասին ընտրություններին մասնակցելը. «Ամենահավանականը նոր կուսակցություն ստեղծելն է, չեմ բացառում նաև ինչ-որ մի կուսակցության հետ ընտրություններին միասին գնալը», -հայտարարեց Աբրահամյանը` ընդգծելով, որ կուսակցության գաղափարախոսության կամ անելիքների մասին վերջնական որոշումը կկայացվի մարտին:
Ռուսաստանի հայերի միության նախագահը շեշտեց, որ ներկա դրությամբ իր նպատակը նախագահ կամ վարչապետ դառնալը չէ, այլ Հայաստանի վիճակի լավացումը. «Այնպես չէ, որ ես աշխատանք եմ փնտրում: Այնպես չէ, որ գիշերը չեմ քնել ու որոշել եմ գալ Հայաստան կուսակցություն ստեղծել: Երբ տեսնում եմ, թե ինչ վիճակի մեջ է իմ երկիրը, որոշել եմ կարճ ժամանակում փորձել կազմել մի այնպիսի ծրագիր, որը կարող է հայ ժողովուրդն ընդունել: Այնպիսի տպավորություն կա, թե ուզում եմ ինչ-որ բան անել, որն ազգին կարող է վնասել, այդպես չէ: Հայաստանը պետք է լինի դեմոկրատիկ և արագ զարգացող երկիր: Ռուսաստանը մեր պարտնյորն է, բայց դա չի նշանակում, որ չպետք է աշխատենք այլ երկրների հետ, նման խնդիր Ռուսաստանը չի դրել և չի դնում: Ես խորհրդակցում եմ բոլորի հետ, բոլորի հետ կապ ունեմ»,-հավելեց Աբրահամյանը:
Հարցին, թե ինքը հայաստանյան օրենսդրությամբ իրավունք ունի՞ Հայաստանում երկար տարիներ չապրելով, կուսակցություն ստեղծել ու մասնակցել ընտրություններին, Աբրահամյանը պատասխանեց. «200-250 իրավաբաններ ունեմ ու իմ համար տարբեր աշխատանքներ են տանում, կպարզեն, կուսումնասիրեն: Ես Հայաստանի քաղաքացի եմ, գալիս եմ շուտ-շուտ Հայաստան, այցելում եմ իմ Մալիշկա գյուղ: Այնպես որ որևէ խախտում չի լինի»:
Հարցին՝ իսկ հաշվի եք առե՞լ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի փորձը, թե ինչպես նա դուրս եկավ քաղաքականությունից, Աբրահամյանն արձագանքեց. «Իհարկե, մենք ամեն ինչ էլ հաշվի առնում ենք, ոնց կարող ենք հաշվի չառնել: Գագիկ Ծառուկյանի կատարած որոշումներն իր որոշումներն են: Իհարկե, ցավոք սրտի, մենք պատմությունից դասեր չենք քաղում, բայց ես նորից եմ ասում՝ մենք գնալու ենք և մասնակցելու ենք: Եթե կհավաքենք մեկ ձայն, դա կլինի մեր ձայնը, մենք պաշտպանելու ենք մեր բոլոր իրավունքները, որևէ մեկի հետ խնդիր չունենք»:
Հակադարձմանը՝ տեղյա՞կ եք, որ Հայաստանում մարդուն կարող են դուրս հրավիրել քաղաքականությունից, Աբրահամյանն ասաց. «Ես ինչ-որ բանից տեղյակ եմ, տեսնում եմ ոնց կարելի է մեկ օրվա մեջ տարբեր որոշումներ կայացնել՝ առավոտ մեկ բան ասել, երեկոյան՝ ուրիշ: Հավատացեք, էդպիսի բան չի լինի, հետո՝ ես չեմ ուզում որևիցե մեկին նմանվել, եթե ուզենայի նմանվել, ապա Մալիշկայից կարող է հասած լինեի մինչև Արարատյան դաշտավայր: Դուք ինձ լավ չեք ճանաչում, դուք իմ ամբիցիաներին տեղյակ չեք»:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի հետ համագործակցությանը՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Արթուր Բաղդասարյանը շատ մեծ քաղաքական գործիչ ա, իմ լավ ընկերն ա, ինքը իր ճանապարհն ունի գնալու: Եթե ես գնում եմ ընտրության, դա չի նշանակում, որ ես Արթուր Բաղդասարյանին դեմ եմ, ինքը մեծ փորձ ունի, երկար ճանապարհ ա անցել: Ես ասեցի, որ ես կուսակցություն եմ բացելու, ով կմիանա մեր կուսակցության, թող միանա»:
Times.am-ի հարցին, թե ի՞նչն է խանգարում Ռուսաստանում կուսակցություն բացել, այնտեղի քաղաքական դաշտում համապատասխան կարիերայի մեկնարկը տալ, Ռուսաստանի հայերի միության նախագահը վրդովվեց.
«Ինչը՞ կարա Աբրահամյան Արային խանգարի կուսակցություն ստեղծել, էնպես չի, որ ես Ռուսաստանում չորրորդական դիրքերում եմ գտնվում, ու էլ տեղ չունեմ` զարգանալու, դրա համար գալիս եմ Հայաստան` կարիերա ստեղծելու: Ես չեմ ուզում կարիերա ստեղծեմ, այդ դուք եք ուզում, որ ես կարիերա ստեղծեմ: Ես բիզնեսմեն եմ: Աբրահամյան Արայի բյուջեի հաշվին 147 միլիոն դոլար է ծախսվել Ռուսաստանի հայերի միության վրա, դուք գիտե՞ք դա ինչ է նշանակում: Դուք չգիտեք, թե փող ծախսելը ինչն է: Շատ ժամանակ ինձ ասում են` պարո’ն Աբրահամյան, Դուք չե՞ք ամաչում, որ ռուսերեն այնպես չեք խոսում, ինչպես բոլորը, ես էլի կասեմ` էտ ռուսերեն լավ խոսացողներդ, բոլորդ միասին հավաքվեք, մի կառույց բացեք, ինձ էլ ազատեք հոգսերից ու երկրի հոգսերը վերցրեք ձեզ վրա: Ցավոք, նման մարդիկ չկան: Գիտե՞ք` ինչ կա, սա մկների ժողովը չի, ճառ ասեն ու զանգ չկախեն: Ուզում եմ ասեմ, որ ես իմ բիզնեսները կանգնացնում եմ, չեմ զարգացնում, ժամանակս ծախսում եմ Հայաստանի զարգացման համար: Ես չեմ կարող Ռուսաստանում հանգիստ քնել, ճոխ սեղանների շուրջ, երբ գիտեմ, որ մարդիկ այստեղ կարիքի մեջ են, ես դա եմ քարոզում: Ես միշտ այնտեղ ասում եմ` եկեք` գնանք Հայաստան, գնանք էնտեղ ծնունդ, կնունք անենք, ուրախանանք, բնակարան գնենք, բիզնես ներդնենք»:
Լրագրողներից մեկի լրացմանը, թե շարունակո՞ւմ եք պնդել, որ Դուք ռուս է, ինչպես հայտարարել եք մեկ անգամ, Արա Աբրահամյանը դրական պատասխան տվեց՝ իհարկե, ռուս եմ, եթե ապրում եմ Ռուսաստանում, բայց նաև հոգով ու սրտով հայ է:
«Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում, որ ասել եմ` ռուս եմ: Դրսում ինձ ընդունում են, որպես Ռուսաստանի քաղաքացի, որպես ռուս, ես ազգությունը նկատի չունեմ, սա նույնն է, որ ասում են՝ ամերիկացի»,-պարզաբանեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում