Նոյեմբերի 1-8-ը Հայաստանում կանցկացվի «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը

Ս.թ. նոյեմբերի 1-8-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի կունենա ուսանողների հետ հանդիպում, որի ժամանակ դասախոսություններով հանդես կգան ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանում ԱՄՆ և ՄԹ դեսպանությունների, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:

Նոյեմբերի 5-6-ը, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված՝ «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարը, որին մասնակցելու են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաններ, ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ու Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար:

Նախատեսվում է նաև այցելություն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն:

ՆԱՏՕ-ի’ որպես քաղաքական-ռազմական դաշինք, զարգացման և վերափոխման խնդիրների քննարկմանը նվիրված հեռուստատեսային կլոր սեղանի անցկացմամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման, ինչպես նաև սեմինարի լուսաբանումը բաց է լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում