Իրավախախտների վարքը կարող է փոխվել, եթե ճիշտ գնահատվեն կարիքներն ու ռիսկերը (տեսանյութ)
Նմանատիպ
Պրոբացիոն ծառայության գաղափարը հետևյալն է՝ փորձել վերացնել անձի, քաղաքացու հանցագործություն կատարելու պատճառները, ոչ թե անընդհատ պատժել նրան:
Այս մասին Times.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ստեղծել գնահատման լուրջ մեխանիզմներ՝ պարզելու յուրաքանչյուր դատապարտյալի ընկալումները:
«Կա երկու կոմպոնենտ՝ կարիք և ռիսկ: Առաջին դեպքում՝ եթե անձը հանցագործություն է կատարում, որովհետև չունի մասնագիտություն և աշխատանք, չի կարողանում վաստակել, ապա պետք է լուծել այդ խնդիրը, ոչ թե անընդհատ պատժել: Պետք է հասկանալ քրեածին կարիքները և շտկել դրանք: Երկրորդ՝ պետք է սահմանել անձի հանցագործության կատարման ռիսկայնությունը: Գնահատումը կատարվում է հարցաշարերի հիման վրա», – մանրամասնեց փորձագետը:
Վերջինն այս համատեքստում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, նկատեց, որ գործող Սահմանադրությունը պրոբացիոն ծառայության համար խոչընդոտներ չի ստեղծում, բայց սահմանադրական փոփոխություններով խոստացվող անկախ և նորմալ դատական համակարգի դեպքում միայն կարող ենք հաջողել նաև պրոբացիոն ծառայության ներդրման գործում:
Իր հերթին Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է պրոբացիոն պիլոտային երկու ստորաբաժանում, իսկ առաջիկայում կունենանք նաև համապատասխան օրենսդրություն և պիլոտային ծրագրի ժամանակ փորձարկված դրույթները կմտնեն ուժի մեջ: Ինչ վերաբերում է միջազգային փորձի ընդօրինակմանը, Հայկ Խեմչյանն ասաց, որ եթե պարզվի, որ դրանց մի մասը մեզ մոտ կիրառելի չեն, ապա չեն կիրառվի:
Արդեն «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակում իրավախախտների գնահատման և վերականգնման վերաբերյալ կազմակերպված կլոր սեղան քննարկմանը Մեծ Բրիտանիայից ժամանած փորձագետ Քրիս Ֆրոսթը մանրամասնեց բրիտանական և միջազգային փորձը: Վերջինը նախ հիշեցրեց, որ բանտարկյալների հետ վերականգնողական աշխատանքը սկզբում եկեղեցու գործն էր, այնուհետ այն դարձավ գիտություն:
Քրիս Ֆրոսթն այն կարծիքին է, որ իրավախախտների վարքը կարող է փոխվել միջամտությունների դեպքում: Սրա համար նախ պետք է պարզել, թե ինչն է դրդում անձին հանցագործություն կատարել. «Պատժի կրման ընթացքում պետք է արվեն հստակ քայլեր, դատապարտյալին փոխվելու հնարավորություն պիտի տրվի: Նախ պետք է լիարժեքորեն իրավախախտի կարիքները գնահատվեն. եթե մարդ տառաճանաչ չէ, նա կարող է դիմել հանցագործության: Կան կանխատեսելի պատճառներ՝ միջավայր, դաստիարակություն, մանկություն, բայց կան նաև անկանխատեսելիները, ուստի կարիք և ռիսկ ասվածը չպետք է շփոթել»,– ասաց նա:
Հանդիպմանը ներկա եվրոպական մի շարք երկրներում աշխատանքի փորձ ունեցող դատափորձագիտական հոգեբան Քեթրին Քրիմըրն ասվածի հետ համաձայն է՝ եթե մարդ սոցիալական ճանապարհով իր խնդիրները չի կարողանում լուծել, ապա դիմում է հակասոցիալական քայլերի, պետք է ավելի շատ կենտրոնանալ հանցածին գործոնների վրա՝ իր ո՞ր կարիքներն է ցանկացել լուծել՝ դիմելով այդ քայլին: Իսկ արդեն հասկանալուց հետո պետք է աշխատանք տանել դատապարտյալի հետ, որ նա երկրորդ անգամ չհայտնվի բանտում և ունենանք կրկնահանցագործության նվազում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում