Տ.Սարգրսյան. «Մեզ չի բավարարում իրավիճակը Հայաստանում կոռուպցիայի ոլորտում»

«Մեզ չի բավարարում իրավիճակը Հայաստանում կոռուպցիայի ոլորտում: Հանրապետության նախագահը պահանջում է վճռական գործողություններ, այդ թվում’ նաև վիրահատական մեթոդերի կիրառում, որպեսզի մենք կարողանանք այստեղ այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի և տեսանելի»: Այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է այսօր Կառավարությունում կայացած հերթական նիստի ժամանակ:

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում էլ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելուն վերաբերող հարցեր:  

«Որպեսզի մենք ունենանք այս բնագավառում հաջողություն, կարծում եմ, որ անհրաժեշտ է ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ Ձեզ Դավիթ Սարգսյանին ներկայացնել առաջարկություններ այն մասով, թե որ հասարակական կազմակերպությունների հետ եք դուք համագործակցում այս բնագավառում, որպեսզի նրանց նույնպես դարձնենք մասնակից այս քննարկումներին, և երկրորդը՝ կարծում եմ, որ ճիշտ կլինի հրավիրել նաև ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի նրանք մեզ հետ համագործակցեն և ներգրավված լինեն այս աշխատանքներում»,- նշել է կառավարության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում