Զ.Փոստանջյանը խնդրել է վերացնել ՀՀԿ-ի կողմից պետական և ՏԻՄ-ին պատկանող շենքերի անօրինական օգտագործումը

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն այսօր ՀՀ նախագահին և վարչապետին դիմում է հղել՝ խնդրելով հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները և վերացնել ՀՀԿ-ի կողմից «պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի անօրինական օգտագործումը»:

Կուսակցության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ս.թ. սեպտեմբերի 13-ին տիկին Փոստանջյանը պատգամավորական հարցում էր հղել ՀՀ վարչապետին՝ խնդրելով տեղեկացնել. «1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի’ քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների, մշակույթի տների եւ այլն, ո՞ր տարածքներն են (տարածքի գտնվելու հասցեն) վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել «Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»: 2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի’ քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների, մշակույթի տների եւ այլն, ո՞ր տարածքներն են վարձակալվում կամ անհատույց օգտագործվում’ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» ցուցապաստառները, դրոշները, պատկերանշանը տեղադրելու համար»:

Կառավարությունից պատասխանել էին, որ ՀՀԿ-ին տրամադրված տարածքների ցանկը՝ ըստ գտնվելու վայրի, թվով 5-են. երկուսը’ Երևանում, երկուսը’ Արագածոտնի մարզի Թալին ու Ծաղկահովիտ համայնքներում և մեկը’ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: ՀՀ կառավարությունը իր պատասխանով հայտնել է նաև, որ ՀՀԿ-ի կողմից ցուցապաստառներ, դրոշներ, պատկերանշաններ տեղադրելու համար վարձակալված կամ անհատույց օգտագործման տրամադրված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տարածքներ չկան:

«Իրականում ՀՀԿ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի և հանրային տարածքների անօրինական օգտագործումը համատարած է և անհերքելի:

Հիմք ընդունելով վերոգրյալը’ հորդորում և պահանջում եմ անհապաղ վերացնել ապօրինությունները, այլապես ստիպված եմ լինելու ծանրաբեռնել դատական համակարգը’ Ձեր կողմից ղեկավարվող կուսակցության անօրինական գործունեության դեմ դատական հայց ներկայացնելով:

Միևնույն ժամանակ պատրաստակամություն եմ հայտնում անձամբ Ձեզ ուղեկցել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքեր և հանրային տարածքներ, որտեղ ՀՀԿ-ն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ ծավալել է վերոհիշյալ ապօրինի գործունեությունը»,- նշված է նամակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում