ՕԵԿ-ի 11-րդ արտահերթ համագումարը կանցկացվի դեկտեմբերի 22-ին

Երեկ երեկոյան տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը’ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:

Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քաղխորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաև որոշում է ընդունել <<Օրինաց երկիր>> կուսակցության 11-րդ արտահերթ համագումարն անցկացնել սույն թվականի դեկտեմբերի 22-ին:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղխորհրդին է ներկայացրել վերջերս Ռուսաստանի Դաշնություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծել դրանց կարևորությունը, ինչը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի անվտանգության ամրապնդման, այդ երկրների հետ ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցության խորացման և զարգացման գործում:

Արթուր Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ ՉԺՀ-ում պաշտոնապես հայտարարվել է ՕԵԿ-ի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև միջկուսակցական համագործակցության մասին:

ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվս այս հարցերի, քննարկել է ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում