Քաղաքական առճակատում չի լինի, որովհետև կարծիք հայտնող չի լինի. մի ելք կա՝ գնալ և ասել՝ ոչ. Հրանտ Բագրատյան (ֆոտո, տեսանյութեր)

Քաղաքական առճակատում չի լինի, որովհետև կարծիք հայտնող չի լինի. մի ելք կա՝ գնալ  և ասել՝ ոչ. Հրանտ Բագրատյան (ֆոտո, տեսանյութեր)

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում չենք ունենում  «մաքուր» խորհրդարանական  կառավարման  համակարգ:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պնդեց «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ նկատելով, որ  պետք է մշակվեր երկպալատ խորհրդարանական  մոդել, իսկ միապալատի դեպքում գործ ենք ունենալու կուսակցապետության հետ:

«Եթե մենք Սահմանադրական փոփոխություններից հետո ունենայինք երկպալատ խորհրդարան` Սենատ և Ազգային ժողով, ապա ես կասեի շատ լավ, մենք ունենք հակակշիռ։ Սակայն, ներկայացված փաստաթղթով մենք ունենալու ենք միապալատ խորհրդարան` կայուն քաղաքական մեծամասնություն ապահովելուն ուղղված կրկնակի ընտրությունների հնարավորությամբ, ինչն էլ երկիրը կարող է հանգեցնել բռնապետության կամ ֆաշիստական ռեժիմի (դրա վառ ապացույցն է` 1933թվականի Գերմանիան)»,-շեշտեց նա:

Իր մտահոգությունները Բագրատյանը հայտնել է ՀՀ նախագահին, երբ նախագահական հանդիպման էր գնացել, հանդիպել է  նաև սահմանադրական հանձնաժողովի անդամների հետ. ինչ-ինչ հարցերի հետ կապված համաձայնել են, իսկ որոշների վերաբերյալ մինչ օրս պատասխան չի ստացվել:

Բագրատյանը տեղեկացրեց, որ անգամ  նամակագրական կապի մեջ է եղել Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ. նամակները ժամանակի ընթացքում կհրապարակի:

Իսկ  թե ինչն է գործող Սահմանադրությունը փոխելու պատճառը,  ՀՀ նախկին վարչապետն ակնարկեց. «Ես մի քանի կասկած ասել եմ՝ և վերարտադրության խնդիր կա, և քցել-բռնել եմ, որ  կարող է Ղարաբաղի հարցի հետ է կապված»:

Այս ֆոնին  Հրանտ Բագրատյանը հիշեց 1918-20 թվականների իրադարձություններից մի քանի դրվագ, երբ Հայաստանի  բոլշևիկները ճնշումների են ենթարկվել, ինչը հարուցել է Ռուսաստանի բոլշևիկների զայրույթը, այնուհետ անցում կատարվեց 1990-ականների պարտություններին:

«1991-92 թվականներին որևէ ստաբիլիզացիոն բան չկար, հիմնականում ունեցել ենք պարտություններ՝ «Կոլցո» օպերացիա և այլն, 92-ին ունեցանք փոքր հաջողություն, երբ վերցրեցինք Շուշին, բայց դրանից հետո հսկայական տարածքներ կորցրեցինք»,-հիշեց նա` տալով այն երեք ՀՀ վարչապետի անունը, որոնց հաջողվել է ինչ-որ հաջողություններ գրանցել՝ Գագիկ Հարությունյան, Խոսրով Հարությունյան, Հրանտ Բագրատյան:

Times.am-ի դիտարկմանը, թե նոր Սահմանադրության կողմնակիցները պնդում են, որ հաջողվելու է խուսափել քաղաքական առճակատումից, ինչի ականատեսն են եղել 1998-ին, երբ Նախագահը հրաժարական տվեց, 1999-ին, երբ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27,  Հրանտ Բագրատյանն արձագանքեց. «Իհարկե, խուսափում են, քաղաքական առճակատում չի լինի, կլինի մի իշխանություն և շատ արագ մեծամասնության դիկտատուրա կլինի: Այսինքն՝ կարծիք հայտնող չի լինի, էդ տեսակետից զիջում ենք: Իսկ 1998-ի Սահմանադրությունն ինչ վատ է եղել, նույնիսկ առաջին Նախագահը, որ այդքան մեծ բան է արել, հանրությունը գտել է, որ դա սխալ է»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իր կուսակցությունը միանալու է «ոչ»-ի ճակատին կամ «Նոր Հայաստան»-ի շարժմանը, Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ նախագահի ընտրություն չէ, կամ՝ խորհրդարանական. «Ես գնամ, միանամ մեկին՝ ուժ տամ, ո՞ր ինչ լինի։ Ով ուզում է թող ինձ միանա։ Ես հարգում եմ բոլորին, սակայն չեմ կարծում, որ այնտեղ կա մեկը, որն առավել է ինձնից: «Ազատություն» կուսակցությունն իր առանձին «ոչ»-ի քարոզարշավն է սկսել մարզերում, և մենք շարունակելու ենք մարզային այցերն այնքան  ժամանակ, որքան կբավականացնեն մեր ֆինանսական միջոցները: Իսկ  «Նոր Հայաստան»-ի կողմից հնչող անհնազանդության կոչերով պայքարը միայն ավելի կնպաստի Սահմանադրական փոփոխությունների ընդունմանը: Մի ելք կա՝ գնալ և ասել՝ ոչ, որ «ոչ»-երի քանակն ավելի շատ լինի»:

Բագրատյանը շարունակեց, որ օրինակ Տավուշի մարզի 6 սահմանամերձ համայնքում  իրենց հետ հանդիպմանը ոչ մի  «այո» չի լսել: Վերջինը վստահեցրեց, որ հաջորդ խորհրդարանում  մտադիր է լինել, հակառակ դեպքում խորհրդարանի վիճակը շատ վատ կլինի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում