Նոբելյան մրցանակակիրները բարձր են գնահատել հայ գիտական ներուժը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին և Մարտին Չալֆին, ովքեր մեր երկրում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ինչպես նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ու Մատենադարանի աջակցությամբ։

Ինչպես հայտնում են ԿԳն մամուլի ծառայությունից, նախարարը բարձր է գնահատել նրանց այցը Հայաստան’ նշելով, որ հայ երիտասարդ գիտնականների և ուսանողների համար Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը եզակի հնարավորություն է հաղորդակցվելու առաջադեմ գիտական մտքին:

Այս համատեքստում նախարարն անդրադարձել է գիտության ոլորտի մի շարք խնդիրների, մասնավորապես, գիտության ֆինանսավորման և բյուջետային հատկացումների հարցերին’ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար գերակա է գիտության ոլորտի զարգացումը, և արդեն հաջորդ տարի նախատեսվում է գիտությանը տրամադրվող ծախսերն ավելացնել 1 մլրդ 20 մլն դրամով:

Նախարարն անդրադարձել է նաև «ուղեղների արտահոսքի» խնդրին’ նշելով, որ վերոնշյալ հարցն այսօր արդիական է ողջ աշխարհում: Արմեն Աշոտյանը զրուցակիցներին հայտնել է, որ հեռացած մասնագետների մի որոշ մասը’ որպես կայացած գիտնականներ, այսօր վերադառնում է հայրենիք’ իր ստացած փորձով և կապերով:

«Պետությունը փորձում է չխզել իր կապն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող տաղանդավոր հայ երիտասարդների հետ. կարևորն այն է, որ նրանք երբեք չմոռանան իրենց հայրենիքը և իրենց փորձն ու գիտելիքները ներդնեն հայկական գիտության զարգացման գործում»,-նշել է նախարարը’ ընդգծելով, որ գիտության համակարգը բարդ ոլորտ է, որտեղ պահանջվում է համակարգված մոտեցում. ֆինանսական մեխանիզմներից զատ, ըստ նախարարի, առկա է նաև կաղապարների, մտածելակերպի, կառուցվածքային փոփոխության խնդիր:

Նոբելյան մրցանակակիրները նշել են, որ, ծանոթանալով Հայաստանի գիտակրթական ոլորտի խնդիրներին և հանդիպումներ ունենալով երիտասարդ գիտնականների հետ, բարձր են գնահատում հայ գիտական ներուժը և տպավորված են Հայաստանի բարձրագույն կրթության հաստատությունների մատուցած կրթական ծառայություններով:

Նրանք կարևորել են երիտասարդների’ գիտությամբ զբաղվելու ցանկությունը և հույս հայտնել, որ իրենց հանրային դասախոսություններն օգտակար և հետաքրքիր են եղել հայ երիտասարդների համար:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև գիտության զարգացման, գիտահետազոտական համալսարանների, գիտնականների աշխատավարձերի, դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև երիտասարդների մասնագիտական ընտրության և գիտության ոլորտում մասնավոր հատվածի ներդրումների խնդիրներին:

Հանդիպման ավարտին Հայաստանի երիտասարդ գիտնականներին և գիտակրթական ոլորտի խնդիրներին աջակցելու համար Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին (Մեծ Բրիտանիա) և Մարտին Չալֆին (ԱՄՆ) նախարար Արմեն Աշոտյանը պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով’ ««Ոսկե հուշամեդալով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում