ԵԽԽՎ-ն՝ Բաքվի շուկայի տաղավար. հակահայ զեկույցը գրվել է Ադրբեջանի նախագահականում. Դավիթ Բաբայան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵԽԽՎ-ում հավանության արժանացած Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը գրվել է Ադրբեջանի նախագահականում կամ ԱԳՆ-ում: Այլ կերպ՝ այն նախապես պատվիրված է եղել և փոփոխման ենթակա չէ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը տեսազանգի միջոցով հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Վերջինը շեշտեց, որ պաշտոնական Ստեփանակերտը տարբեր հայտարարությունների միջոցով նշել է, որ պատրաստ է համագործակցել այս կամ այն փաստաթղթի ստեղծմանը, եթե, իհարկե, այն ողջամիտ է: Ավելին՝ առաջարկվել է գալ Արցախ և հանդիպումներ ունենալ ում հետ ցանկանում են, բայց դրա համար պետք է վերանայվի մոտցումը:
«Բայց ոչինչ էլ չի արվել, ընդամենը ձևականորեն նիստից օրեր առաջ նա ուղարկել էր նամակ, որով ցանկություն էր հայտնում գալ այստեղ, բայց մինչ նամակը հասել է մեզ ու քննարկվել, նա արդեն ներկայացրել է զեկույցը հանձնաժողովին»,-տեղեկացրեց Դավիթ Բաբայանը՝ կրկնելով, որ դրանից խավիարի ու նավթի հոտ է գալիս:
«Մենք Ադրբեջանից չենք նեղանում, քանի որ իրենցից սպասում ենք այսպիսի պահվածք, մեզ համար տհաճն այն է, որ ԵԽԽՎ-ի պես կազմակերպության իմունային համակարգը թուլացել է ու այսպիսի կոռուպցիոն գործընթացները ներխուժել են այնտեղ: Երբ ԵԽԽՎ-ն կոչ է անում ազատ արձակել հանցագործներին, որոնք մտել էին Արցախի Հանրապետության տարածք, դաժանորեն մարդկանց սպանել, որոնց նկատմամբ եղել է ազատ, թափանցիկ դատավարություն և մի խոսք չեն ասում Սաֆարովի, Ադրբեջանում հայատյացության, քաղաքական հալածյալների մասին, պարզ է դառնում, որ ԵԽԽՎ-ն կամաց-կամաց վերածվել է Բաքվի շուկաների տաղավարի, որտեղ կարելի է առևտուր անել ու գնել այնպիսի փաստաթուղթ, որը հարված է եվրոպական արժեքներին»- շարունակեց Բաբայանը:
Միաժամանակ, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նկատեց, որ ՀՀ-ում նման հարցերի հետ կապված միասնական ամուր ճակատ պիտի ձևավորվի և ոչ թե նման դեպքերը տեղափոխվեն ներքաղաքական հարթություն:
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը համաձայն է՝ հակազդող, հակակշռող համակարգ պետք է ստեղծել. գոնե ԵԽԽՎ-ի լիագումար նիստում պետք է համակարգված աշխատանք տարվի՝ տապալելու ԼՂՀ-ի հետ կապված վիճահարույց զեկույցը:
«Զեկույցը հունվարին կլինի ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում, այնտեղ մեր խնդիրն է` միասին աշխատանք տանել, որպեսզի մոբիլիզացվեն բոլոր ուժերը ու թույլ չտրվի ադրբեջանական լոբբինգի հաղթանակը»,-շեշտեց նա:
Միաժամանակ, պատգամավորն ընդգծեց՝ զեկույցը ազդեցություն չի ունենալու ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա. սա առաջին դեպքը չէ, երբ նման հակահայ բանաձև է ընդունվում. «Այս փաստաթղթին հղում է կատարելու միայն ադրբեջանական կողմը: Դրանով չեն առաջնորդվելու ոչ Մինսկի խմբի համանախագահությունը, ոչ հայկական կողմը, ոչ էլ միջազգային կազմակերպությունները: Այստեղ մի բան պիտի գիտակցենք, որ որևէ բան այսպիսի փաստաթղթով չի որոշվելու, խնդրի լուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռքերում է: Եթե ունենանք հզոր բանակ, զարգացած տնտեսություն, ժողովրդավարական երկիր, ապա այդպիսի փաստաթղթերը ազդեցություն չեն ունենա, բացի գլխացավանք լինելուց»:
Իր հերթին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց. «Այն ժամանակ հայկական կողմից չմասնակցելու որոշումը ճիշտ էր, քանի որ Հայաստանը հնարավորություն կունենա ԵԽԽՎ լիագումար նիստին Ադրբեջանի դեմ ուղղել այդ փաստաթուղթը»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը 24 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ բրիտնաացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլգրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը ներառել է վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ: Ուոլթերն օգտագործել է այնպիսի կոպտագույն սխալներ և հակահայ ձևակերպումներ, ինչպիսիք են` «հեռացնել Հայաստանի եւ այլ անկանոն զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, ապահովել Ադրբեջանի տարածքների ամբողջականությունը»:
Տեսանյութը և լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի
Հետևեք մեզ նաև Telegram-ում