«Հայկական վերածնունդ»-ի կիսաՈչն ու ՍԴՀԿ-ի տեսական հույսերը. Բանավեճ (տեսանյութ)
Նմանատիպ
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որի մեջ մտնում է նաև ՕԵԿ-ը, գտնում է, որ Հայաստանում չկա սահմանադրական փոփոխությունների կարիք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը:
Ըստ նրա՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, արտագաղթի և այլ խնդիրների մեղավորը ոչ թե Սահմանադրությունն է կամ կառավարման մոդելները, այլ վատ կառավարիչները, ուստի պետք է փոխել ոչ թե Սահմանադրությունը, այլ վատ կառավարիչներին:
Հանդիպմանը ներկա ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը հերթական անգամ հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը ստեղծման օրվանից եղել է կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակիցը և հիմա պաշպանում են ավելի քան 120 տարի որդեգրած սկզբունքը, ոչ թե իշխանություններին:
Գալստյանը, իհարկե, համաձայն է՝ Սահմանադրությունը չէ, որ ժողովրդին հաց է տալու, կամ կանխելու արտագաղթը, բայց մի բան հստակ է՝ երկրում համակարգային փոփոխություններ են պետք, թեպետ ունենք դեգրադացված քաղաքական դաշտ:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետը միաժամանակ խոստովանեց՝ քարոզարշավը ժողովրդին բացարձակ չի հետաքրքրում, ավելին՝ այն շատ դեմագոգիկ է. ոչ «այո»-ն, ոչ էլ «ոչ»-ը չեն կարողանում հիմնավորել իրենց դիրքորոշումը և ծանրակշիռ փաստարկներ առաջ քաշել:
Նարեկ Գալստյանը նաև անհասկանալի համարեց Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման և հենց ՕԵԿ-ի «ոչ»-ը՝ հիշեցնելով, որ այն իր քաղաքական գոյության ընթացքում տասն անգամ փոխել է հայացքները: Ի դեպ, լրագրողների հետ հանդիպմանը Վահե Մոսինյանի «ոչ»-ը ևս հստակ չէր՝ կիսաՈչ, կիսԱյո: Պարզվում է դեմ են արտահայտվում, որովհետև իրենց որոշ առաջարկներ չեն ընդունվել իշխանությունների կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում