«Հրապարակ». Սիբիրախտի համաճարակը տարածվում է մարզերով

«Մինչ վարչապետն իր համապատասխան ենթականերով զբաղված Է պանրի մեջ ցուպիկներ հայտնաբերելով և այդ մասին հանրությանը ահազանգելով, սիբիրախտի համաճարակը տարածվում է մարզերով։ Մինչդեռ պետք Է վարակի դեմ խստագույն պայքար գնար, և մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեին։ Երեկ տեղեկացանք, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ևս կովի անկում Է եղել։ Նմուշառումն ուղարկվել Է լաբորատոր փորձաքննության, պատճառը դեռ հայտնի չէ, սակայն սիբիրախտի կասկածներ կան։ Նշենք, որ սիբիրախտ է հայտնաբերվել Գեղարքունիքի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի մարզերում, և այս վերջինը՝ Կոտայքում։ Սննդի անվտանգության ծառայության մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը հաստատել է Զովունիում կովի անկման դեպքը, բայց լաբորատոր փորձաքննության արդյունքը դեռ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցվել էր քրգործ Քրեական օրենսգրքի 277 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը։ Թեև հայտնի է, որ վարակի աղբյուրն անասուններին չպատվաստելն է, սակայն ոչ ոք դեռ չի ձերբակալվել։ Նախաքննական մարմինը սպասում է քննիչի կողմից նշանակված համալիր փորձաքննության եզրակացությանը, ինչի վրա էլ հիմնվելով՝ կփոխվի նախաքննության ընթացքը»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում