«Տաշիրը» հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

«Տաշիրը» հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային առաջնությունը: Առաջնությանը մասնակցում է 15 ակումբ. մեկական՝ ԱՄՆ-ից, Հունգարիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոնղոլիայից, Բուլղարիայից, Ղրղզստանից, Բանգլադեշից, Հայաստանից, երկու` Լատինական Ամերիկայից և չորս` Իրանից:

Հայաստանն առաջնությանը ներկայացել է «Տաշիր» ակումբով և հետևյալ կազմով՝ Գառնիկ Մնացականյան (57 կգ), Երվանդ Թադևոսյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Էդգար Ենոքյան (97 կգ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ):

Վիճակահանության արդյունքում «Տաշիր» ակումբը հայտնվեց C խմբում՝ Ղրղզստանը, Բուլղարիան և Վրաստանը ներկայացնող ակումբների հետ: Առավոտյան մրցահերթում մեր ըմբիշները ընդհանուր 6:2 հաշվով առավելության հասան Ղրղզստանը ներկայացնող ակումբի նկատմամբ, իսկ Վրաստանը ներկայացնող ակումբի հետ գոտեմարտերը ավարտվեցին 4:4 հաշվով, սակայն մեր ըմբիշները միավորային հաշվարկով առաջ անցան` 19-15:

Երեկոյան մրցահերթում՝ 3-րդ տուրում, Հայաստանը ներկայացնող ակումբը ուժերը կչափի Բուլղարիայի ակումբի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում