«Հայկական ժամանակ». Ես այդ ամենի հետ կապ չունեմ. Ռուբեն Հայրապետյան

Երեկ կայացած ֆուտբոլի ազգային հավաքականների Հայաստան-Լիտվա հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է թերթի թղթակցի հարցերին՝ նախօրեին տարածված այն տեղեկության առնչությամբ, ըստ որի՝ կիրակի օրը, Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Գանձասար»–«Փյունիկ» խաղից հետո ֆուտբոլի ֆեդերացիայում Հայրապետյանը ծեծել է «Փյունիկ» ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին։

–Հերթական հերյուրանքներն է իմ հասցեին։ Ամեն ինչ խեղաթյուրում են։ Ես հերքում եմ այդ տեղեկությունները։ Նման թան չի եղել։ Մարզական կարգապահությունը խախտելու համար «Փյունիկի» տնօրենը պատժել է մի քանի աշխատակիցների՝ հեռացրել է աշխատանքից, այդ թվում՝ թիմի բժշկին։ Ես ի՞նչ կապ ունեմ։

-Դու՞ք էիք հայտարարել, որ մարդկանց պատժում եք ծեծելով։

-Դուք նույնպես խեղաթյուրում եք իմ խոսքերը։ Այդ հայտարարությունը ես արել եմ՝ նկատի ունենալով թմրամոլներին։ Եվ նորից եմ կրկնում՝ բժշկին, մարզիչներին աշխատանքից ազատել է «Փյունիկ» ակումբի տնօրենը։ Ես այդ ամենի հետ կապ չունեմ։

«Կարծում ենք, սակայն, որ վերոնշյալ լուրը հերքելու ամենահամոզիչ ճանապարհն այն է, որ այդ մասին լրագրողների առաջ հայտարարի «տուժող» Վարդան Հովասափյանը»,– եզրափակում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում