Երևանի կանգառներում էլեկտրոնային թվատախտակներ կտեղադրվեն

Մայրաքաղաքի կանգառներում առաջիկայում տեղադրվելու են էլեկտրոնային թվատախտակներ: ՚Ծրագիրն այժմ գտնվում է փորձնական փուլում, որի շրջանակներում 32 ու 33 համարի ավտոբուսներում տեղադրվել են GPS համակարգեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Վահագն Ծատուրյանին, նախատեսվում է 2012 թվականի դեկտեմբերին Մաշտոցի պողոտայում փորձնական տեղադրել էլեկտրոնային թվատախտակ: «Եթե ծրագրի արդյունքները բավարար լինեն, ապա 2013 թվականի գարնանը Երևան քաղաքի բոլոր կանգառներում կտեղադրվեն էլեկտրոնային թվատախտակներ»,-նշեց նա:

Իրականացվող ծրագրի նպատակն այն է, որ կանգառում սպասող ուղևորներն այդ թվատախտակների միջոցով ստանան տեղեկություն, թե քանի րոպեից կժամանի իրենց անհրաժեշտ երթուղին: «Բացի երթուղու ժամանակը ֆիքսող տեղեկությունից’ թվատախտակի վրա կլինի նաեւ քարտեզ, որի միջոցով ուղևորը կտեղեկանա, թե այդ պահին, որ կետում է գտնվում իրեն անհրաժեշտ երթուղին: Սա նաև լավ հնարավորություն է վարորդների համար, այսինքն նրանք նայելով այդ թվատախտակին’ կարող են իմանալ, որտեղ խցանում կա, և ըստ այդմ կառավարեն իրենց ուղղությունը»,-տեղեկացրեց կենտրոնի փոխտնօրենը:

Նախատեսվում է ստեղծել նշված ծրագրի նաեւ մոբայլ տարբերակը: Յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա, անկախ իր գտնվելու վայրից, իմանալ, թե քանի րոպեից կմոտենա իրեն անհրաժեշտ երթուղին: Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը հավաստիացրեց, որ ծրագրի իրականացման համար պետական բյուջեից ներդրում չի լինելու. այն իրականացվելու է գովազդային կազմակերպությունների ֆինանսավորմամբ: «Բացի ժամանումը ֆիքսելուց, քարտեզը ցույց տալուց’ էլեկտրոնային թվատախտակի վրա կլինի հավելյալ ինֆորմացիա’ տարադրամի փոխանակում և գովազդային հոլովակներ»,-հավելեց Սարգիս Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում