Ավանում հաղթեց… գավառամտությունը

ԱԺ մեծամասնական կարգով դեկտեմբերի 2-ին կայացած լրացուցիչ ընտրությունների արդյուքներն արդեն հայտնի է: Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը, թե՛ Գյումրիում և թե՛ Ավան համայնքում ձայների մեծ առավելությամբ հաղթել են իշխանական թեկնածուները: Եվ եթե Արման Սահակյանի առավելությունն իր մրցակցի նկատմամբ ավելի, քան ակնհայտ էր և այնտեղ ամեն ինչ պարզ էր նախօրոք, ապա թիվ 1 ընտրատարածքի քվեարկության արդյուքները շատերի մոտ հարցեր են առաջացրել: Ինչը, թերևս, բնական էր: Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ հանրապետական թեկնածու Ռոբերտ Սարգսյանին Ավանի բնակիչներն ոչ ճանաչում, ոչ էլ տեսել էին: Ընտրողները հիմնվել են այն փաստի վրա, որ Սարգսյանը հանդիսանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը: Հավանաբար, սրան գումարվել են նաև ավանաբնակ հանրապետականների ձայները, որոնք էլ կարող էին ապահովել նրա հաղթանակը: Եվ այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ էր իշխանական թեկնածուն գործում այդքան փնթի:

2012 թվականին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններն արձանագրեցին ընտրական գործընթացի կազմակերպման աննախադեպ աճ: Իհարկե, իդեալական ընտրությունների մասին խոսելը դեռևս վաղ է: Բայց ձեռքբերումներն էլ չի կարելի անտեսել: Ավելին՝ դրանք փայփայել և զարգացնել է պետք:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Երևանի Ավան վարչական համայնքում: Ակնհայտ է, որ այս ընտրությունները որևէ կերպ չէին կարող ազդել երկրի ներքաղաքական զարգացումների և հատկապես Հանրապետական կուսակցության դիրքերի վրա: Թերևս այս է պատճառը, որ Հանրապետականները այս «ճակատը» վստահել էին տեղի բնակիչ, Երևանի քաղապետ Տարոն Մարգարյանին: Նա էլ այդ վստահությունն ընդունել է յուրովի՝ առանց մտածելու, որ իր գործողություններով ստվերում է վերոնշյալ ձեռքբերումները: Նախընտրական քարոզարշավի փոխարեն Տարոն Մարգարյանն ու Ռոբերտ Սարգսյանը գավառամտության մի շքերթ էին կազմակերպել, որի կուլմինացիան եղավ երեկ երեկոյան Ավանում կազմակերպված հրավառությունը:

Իսկ թե ինչպես այս ամենը կազդի ՀՀ միջազգային հեղինակության և հատկապես 2013 թվականի նախագահական ընտրությունների վրա, Մարգարյանների ընտանիքին, ըստ երևույթի, չի հետաքրքրում:

 

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում