Էդ.Շարմազանով. «Ընդդիմադիր և այլընտրանքային ուժերը միասնական թեկնածուի շանս առայժմ չունեն»

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ հավանական է համարում, որ ընդդիմադիր եւ այլընտրանքային ուժերը կարողանան համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի հարցում:

Նրա փաստարկմամբ’ այդ մասին են վկայում այն հակասությունները, որոնք կան ոչ միայն միմյանց հետ բանակցող ուժերի, այլեւ առանձին ուժերի ներսում գոյություն ունեցող լուրջ տարաձայնությունները:

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մեր երկրում լինի մրցակցություն, բայց այսօր փաստը հետեւյալն է. ես շատ մշուշոտ եմ համարում, որ ձախերը, կենտրոնամետները, այլընտրանքը, աջերը, լիբերալներն ու սոցիալիստները կարողանան ինչ-որ մի բանի շուրջ միասնական ճակատ ստեղծել, որովհետեւ թե’ արտահերթի հետ կապված նրանց տարբեր դիրքորոշումները, թե’ Մարտի 1-ի հանձնաժողովի կապակցությամբ փոխադարձ հրաձգությունը, թե’ իրենց իսկ ֆրակցիայում տարբեր քվեարկությունները, թե’ ռազմավարական տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտելը, թե’ ապագա նախագահական ընտրությունների թեկնածուի հետ կապված ոչ-միասնական կարծիքի ձեւավորումը, թե’ այդ քաղաքական թիմերում անձնական կարծիքների առատությունը խոսում է մի բանի մասին, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ ո’չ միասնական ծրագրի, ո’չ միասնական թեկնածուի շանս առայժմ չունեն», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես նաեւ իրեն «այլընտրանքային ուժ» հռչական «Բարգավաճ Հայաստան»-ը, հիշեցնենք, ներկայումս բանակցությունների մեջ են’ փորձելով համաձայնության գալ մի շարք սկզբունքային հարցերի շուրջ, որոնք կարող են հիմք հանդիսանալ նաեւ նախագահի հնարավոր միասնական թեկնածուին սատարելու հարցում:

Արձագանքելով հարցին, թե ինչու Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարում իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրել-չառաջադրելու մասին’ Ազգային ժողովի փոխնախագահն ասաց, թե առաջին նախագահն այսօր «ելքեր է փնտրում քաղաքականությունից գեղեցիկ եւ խաղաղ դուրս գալու համար»:

«Եթե առաջադրվի, դա կլինի քաղաքական ինքնասպանություն, որովհետեւ այն հաջողությունը ձայների առումով, որը նա ուներ 2008 թվականին, այսօր նա չի ունենա, եւ դա փաստ է: Որպես խելացի գործիչ, նա հասկանում է, որ երկրորդ անգամ նույն գետը հնարավոր չէ մտնել’ մանավանդ, որ նրանից հեռացան շատ կարկառուն գործիչներ, ովքեր լուրջ դերակատարում ունեին 2008-ի ընտրություններին’ [նախընտրական] շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը եւ նրանց ուղեղային կենտրոններից մեկը համարվող Դավիթ Շահնազարյանը», – հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում