92 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մոնթե Մելքոնյանի մայրը
Նմանատիպ
Այսօր’ դեկտեմբերի 10-ին, 92 տարեկան հասակում մահացել է Մոնթե Մելքոնյանի մայրը’ Զաբել Մելքոնյանը: Այս մասին տեղեկացնում է Hetq.am-ը՝ ներկայացնելով գործակալության խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հուշերը, ով հերոսի մորն այցելել էր այս տարվա մայիսին՝ Մոնթեի ծննդավայր Վայսելիայում: Ներկայացնում ենք հեղինակի հուշերն ամբողջությամբ.
«Մայիսի քսանին Մոնթեի եղբոր’ Մարգարի հետ Գլենդեյլից իր հին «Ջիպով» մեկնեցինք Ֆրեզնո: Կեսօրին քաղաքում էինք: Մարգարը պլանավորել էր օրը, պետք է ճաշեինք հայկական որեւէ ճաշարանում: Մենք մի քանի տեղերում եղանք, պարզվեց՝ փակ են, որոշներն ընդհանրապես արդեն չէին գործում: Տխուր քաղաք է Ֆրեզնոն, հայկական եկեղեցին փակ էր: Այս եկեղեցուց են հանել Զորավար Անդրանիկի դին: Այս տարածքում էր Վ. Սարոյանը վաճառում իր թերթերը: Մարգարը պատմում է, որ ինքն էլ փողոցում մի քանի անգամ տեսել է Սարոյանին: Քիչ հեռու Սարոյանի անվան թատրոնի շենքն է: Ֆրեզնոն ուրիշ է այժմ, Սարոյանի նկարագրած Ֆրեզնոյից բան չտեսա: Մի քանի հին շենքեր են, որոնք շուտով քանդվելու են: Մարգարը պատմում է, թե ինչպես էին Մոնթեի հետ պտտվում այս վայրերում: «Կզարմանամ, թե ոտաբոբիկ ինչպես էինք քայլում այս տաք ասֆալտի վրայով»,- ասում է Մարգարը:
Տոթ է, Ֆրեզնոյի փողոցներում հատուկենտ անցորդների էինք հադնիպում: Ուտելու տեղ այդպես էլ չգտանք այս քաղաքում: Գնում ենք հայկական գերեզմանոց: Մարգարը մի քանի պատմություններ է պատմում այստեղ ամփոփված հայերի մասին: Այս նահանգում հայերը բնակություն են հաստատել 1880-ականներին: Մոնթեի մայրը’ Զաբելը, հետո պիտի ասեր, որ իրենց ընտանիքն առաջինն է բնակություն հաստատել Կալիֆոռնիայում:
Ֆրեզնոյի միակ ուշագրավ տեղը Սասունցի Դավթի հուշարաձանի տարածքն է: Քանդակագործ Վարազ Սամուելյանն է հեղինակը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հայաստանցի զինվորը’ Վարազ Սամուելյանը, գերի է ընկել, հետո հասել է Ամերիկա եւ այստեղ կնքել իր մահկանացուն:
Ֆրեզնոյից մեկնում ենք Մոնթեի ծննդավայր’ Վայսելիա: Փոքր քաղաք է, երբ Մոնթեն դպրոց էր գնում, բնակչության թիվը քսան հազար էր: Այսօր Վայսելիայի բնակչությունը 125 հազար է: Մոնթեի պատանեկությունն այս քաղաքում է անցել: Տունը, որտեղ ապրել է նա, նույնությամբ պահպանվել է, այսօր այնտեղ մայրն է ապրում’ Զաբելը: Նա 92 տարեկան է, դժվար է քայլում, բայց հիշողությունը տեղն է: Տուն հասնելուց մի քանի րոպե հետո նա Մարգարին ասաց, որ ինձ ցույց տա Մոնթեի իրերը:
Հետո ինքն էլ եկավ եւ սկսեց պատմել այդ իրերից յուրաքանչյուրի մասին: Ճապոնիայից բերած թեքվանդոյի մարզահագուստն էր, սուրը եւ այլ իրեր: Մարգարն ասում է, որ իրենք «գիժ տղաներ էին»: Ու պատմում է իրենց գժությունների մասին: «Երբ Մոնթեի հետ էի, ես կվախնայի, միշտ մի պատմության մեջ կհայտնվեի նրա պատճառով»,- ասում է Մարգարը:
Պատմեց, թե ինչպես մի անգամ Մոնթեն գնաց խանութ եւ բացեց «Կոկա-Կոլա»-ի մի քանի տասնյակ շշեր ու, կափարիչները լցնելով գրպանը, եկավ: «Կոկա-Կոլա»-ն ակցիա էր անում, եւ ով քսան հատ կափարիչ հավաքեր եւ ուղարկեր, նրան հեծանիվ պետք է տային:
«Մոնթեն մի քանի անգամ քսան կափարիչ ուղարկեց, բայց ոչինչ չստացավ ու դրանից կատաղել էր»,- հիշում է Մարգարը: Հետո գնացինք գետի ափ, Մարգարը ցույց տվեց լեռները, անտառները, որտեղ Մոնթեի հետ անցկացրել են իրենց պատանեկությունը: Եղանք գետի այն հատվածում, որտեղ Մոնթեն նետվելով ջրի մեջ՝ ջարդել էր քիթը եւ ատամը: Այդ գիշերն անցկացրի Մոնթեի սենյակում, քնեցի նրա մահճակալին: Մինչ այդ Մարգարի հետ երկար զրուցել էինք, նա պատմում էր Մոնթեի կյանքի տարբեր ժամանակահատվածների մասին՝ Մոնթեն Բեյրութում, բանտում, պաղեստինցիների ճամբարում, Ղարաբաղում… Պատմություններ, որոնք Մարգարը չի ներառել Մոնթեի մասին պատմող գրքում: Զոհված ընկերոջս մահճակալին պառկած՝ կարոտում էի նրան…
2012, մայիս, Կալիֆոռնիա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում