Լյովիկ Զուրաբյանը «թռնո՞ւմ» է ՀԱԿ-ից ու Հայաստանից

Միանգամայն հավաստի տեղեկությունների համաձայն, ՀԱԿ համակարգող և խմբակցության ղեկավար Լյովիկ Զուրաբյանը, որ մինչև վերջերս Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանի «աջ ձեռքն» ու «ձախ ոտքն» էր համարվում, նախօրեին հավաքել է իր թիմակիցներին և զգուշացրել, որ ինքը մոտ ապագայում ամենայն հավանականությամբ լքելու է երկիրը: Միաժամանակ հաստատվում են ՀԱԿ դեմքերից՝ Նիկոլ Փաշինյանի թերթի միջոցով տարածված տեղեկությունները, որ ՀԱԿ քաղխորհրդի վերջին նիստում խոսակցությունն ընթացել է բարձր նոտաների վրա, առանձին դեպքերում հասնելով բղավոցների ու փոխադարձ վիրավորական արտահայտությունների: Մեր աղբյուրները հաստատում են, որ «թուքումուրի» հիմնական թիրախը Լյովիկ Զուրաբյանն է եղել: Բանն այնտեղ է հասել, որ ՀԱԿ-ականներից մեկը Զուրաբյանի «երեսով է տվել» նախկինից կուտակած չարությունն ու առճակատ հիշեցրել է, որ վերջինս թե՛ Տեր-Պետրոսյանի շրջապատում, թե՛ քաղաքականության մեջ հայտնվել է միայն Շողերի ամուսինը լինելու պատճառով:

Նույն աղբյուրների համաձայն, վերջինիս անցկացրած «նեղ կռուգով» հավաքի ժամանակ Լյովիկ Զուրաբյանը սաստիկ հուզված է եղել, այնքան, որ չի կարողացել թաքցնել մատների դողը: Նախկինում Լյովիկ Զուրաբյանին երբեք այդքան հուզված չեն տեսել: «Շողերի ամուսինը», ինչպես փաստորեն «պատվում» ՀԱԿ համակարգողին, յուրայիններին նախ ասել է, որ ԲՀԿ հայտնի որոշումից հետո իրեն այլ բան չի մնում, քան լքել ՀԱԿ-ը: Ավելին, Լյովիկ Զուրաբյանը հայտնել է, որ մտադիր է օր առաջ հեռանալ Հայաստանից, քանի որ ոչ միայն «քաշել» է իր առաջնորդ Տեր-Պետրոսյանին, այլև հիմար վիճակի մեջ է դրել ՀԱԿ-ին ընդհանրապես: Բայց դա էլ ամենը չէ: Բանից պարզվում է, որ ՀԱԿ-ի ներսում մի քանի հոգի, որ վաղուց «ատամ ունեին» Լյովիկի վրա, Զուրաբյանին սպառնացել են, թե լավ կանի խուսափի իրենց հետ դեմ առ դեմ դուրս գալուց, որովհետև կարող է և «ստանալ» ու բավականին ցավոտ: Բռունցքներ թափահարելու հարցում ՀԱԿ-ի հայտնի անդամներից մեկը, որ առաջնորդի ազգականների շարքում է, չարախնդացել է ու ասել, որ Զուրաբյանը լավ կանի՝ պամպերսներով շրջի, որ հանդիպման ժամանակ կոստյումը չոր մնա: Այդ «խոսակցությունը», բնականաբար, հասցրել են Զուրաբյանին:

Մեր աղբյուրները նշում են, որ յուրայինների հետ այդ հանդիպման ժամանակ Լյովիկ Զուրաբյանը, հուզված լինելուց բացի, ծանր ու անկումնային տրամադրության մեջ է եղել: Նա ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ ռեսուրս չունի Սերժ Սարգսյանին հաղթելու: Նա ասել է նաև, որ իրենից լավ ոչ մեկը չի պատկերացնում իրավիճակը և այն, թե այժմ ինչ ողորմելի վիճակում է ՀԱԿ-ը, եղած-չեղածով: Զուրաբյանն ասել է, թե չնայած ՀԱԿ-ի առանձին անդամներ նպատակ ունեն Տեր-Պետրոսյանին այնուամենայնիվ համոզել, որ առաջադրվի, բայց նկատել է, որ դա լիակատար ձախողում ու քաղաքական մահ կլինի առաջնորդի համար:

Լյովիկի յուրայինները ասել են, որ եթե նա հեռանա, ապա իրենք էլ չեն աշխատի «պապիկի»: Զուրաբյանն ուսերը թոթվել է, ու ասել, թե՝ իսկ ով է պնդում, որ աշխատեք:

«Հրաժեշտի ժողովի» ընթացքում Լյովիկ Զուրաբյանը կենտրոնացել է ՀԱԿ-ի առանձին ներկա ու նախկին գործիչների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի, Հրանտ Բագրատյանի, Դավիթ Շահնազարյանի վրա, համարելով, որ ՀԱԿ-ի ձախողման ու ներկա տխուր վիճակի հիմնական պատճառը այդ անձանց կողմից Տեր-Պետրոսյանին իրենց «կողմը քաշելու» չդադարող փորձերն են:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ու Լյովիկ Զուրաբյանի հարաբերությունները վաղուց ի վեր խիստ լարված են ու նրանք առիթը բաց չեն թողնում մեկը մյուսին «կպնելու» և «խայթելու» համար: Իսկ վերջերս էլ, ինչպես գրեցին մի շարլ լրատվամիջոցներ, նրանց հակասությունները հասել են քաշքշուկի ու ձեռնակռվի: Դժվար չէ նկատել նաև, թե վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի թերթն ինչպիսի հեգնանքով է անդրադառնում ՀԱԿ վերնախավի, կոնկրետ՝ Լյովիկ Զուրաբյանի հայտարարություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում