Լարված քննարկում՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխության ժամանակ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում իշխանության տեղերն ավելացնելու օրենսդրական նախաձեռնության քննարկումը բավականին լարված մթնոլորտում է անցնում:

Tert.am-ի փոխանցմամբԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի զեկույցը ՀՅԴ պատգամավորները ոչ նպատակահարմար համարեցին, քանի որ, ըստ Արծվիկ Մինասյանի, Արփինե Հովհաննիսյանը Էթիկայի հանձնաժողովի անդամ չէ, ուստիև նա չպետք է զեկույցով հանդես գա: Բացի այդ, ըստ նրա, հարցն անձնական վրեժխնդրության հողի վրա է բերվել՝ կապված ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանի՝ էթիկայի հանձնաժողովում պահվածքի հետ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ էթիկայի վերջին նիստի ժամանակ, Դավիթ Հարությունյանը ինքնակամ լքել էր նիստը, քանի որ Փաշինյանը թույլ չէր տվել արտահայտվել:

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞րտեղ է Դավիթ Հարությունյանը, ով հանձնաժողովի անդամ է և նախաձեռնության համահեղինակ, և ինչո՞ւ է Կառավարությունը խառնվում այս հարցին՝ փոփոխություններն ուղարկելով ԱԺ քննարկման, ու վերջապես ինչո՞ւ են հարցը քաղաքականացնում:

Արփինե Հովհաննիսյանը հավատացրեց, որ իրենք բոլորովին նպատակ չունեն քաղաքականացնելու, և մշտապես հաշվի են առել փոքրամասնության տեսակետները:

Զեկուցողին օգնության հասավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Ձեր ի՞նչ գործ՝ ով է զեկուցում, ձեր ի՞նչ գործ՝ ո՞ւր է Դավիթ Հարությունյանը: Ինչի՞ եք խառնվել իրար, օրիորդի հետ եք խոսում, գոնե դա հաշվի առեք, մի նեղեք»:

Հովիկ Աբրահամյանը հասցրեց սաստել նաև ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին, ով տեղից էր արձագանքում հարցին. «Ահաբեկո՞ւմ եք, մի անգամ ահաբեկեցիք, տեսանք’ որտեղ հայտնվեցիք»:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը թեև նշեց, որ դժվարանում է հարց տալ օրիորդին, քանի որ «նրա հետևում ՀՀԿ-ն է կանգնած», բայց նշեց, որ Կառավարությունը փոփոխության առաջարկը բերելով ԱԺ, դրանով միջամտում է ԱԺ աշխատանքներին՝ որպես ինքնուրույն մարմին: «Անկախ ամեն ինչից, մի բան պարզ է’ ՀՀԿ-ի նպատակը մեկն է՝ ունենալ մեծամասնություն էթիկայի հանձնաժողովում»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

Ավելի ուշ ԱԺ ամբիոնից Աղվան Վարդանյանը արտահերթ նիստին ելույթի իրավունք ստանալուց հետո, նշեց, որ եթե իմ հարցապնդումների ժամանակ, ինքն ակամա վիրավորել է գործընկերներից ոմանց, ապա ներողություն է խնդրում դրա համար:

«Նման ցանկություն չեմ ունեցել: Ես հայերեն եմ խոսել, հայերեն բառեր եմ արտահայտել: Եթե սխալ եք ընկալել դարձյալ ներողամտություն եմ հայցում»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում